Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել։ Մարությանը Երևանի քաղաքապետն է մոտ 3 տարի: 2018-ի սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ հավաքելով 81.06%։ Սա հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն էր: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր, որի օգտին քվեարկեց ընտրողների 6.95%-ը, իսկ երրորդ տեղում՝ «Լույս» դաշինքը, 4.99% ձայներով: Հայկ Մարությանը, որը գլխավորում էր «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը, դարձավ Երևանի քաղաքապետ։
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն, ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
Ստացվում է, որ գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է ավագանու 65 անդամից 33-ի ստորագրությունը: Նախնական տվյալով՝ կա արդեն դրանից ավելին՝ տեղեկությունը հաստատեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
Օրենքը նաև ասում է, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը, հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
Քվեարկությունը պետք է անցկացվի գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա՝ երկու թեկնածուները: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ երեկ ուշ երեկոյան ծանուցվել են Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության վերաբերյալ ու գործընկերոջ՝ Թեհմինա Վարդանյանի հետ դեռևս չեն միացել նախաձեռնությանը։ Առաջիկա օրերին, նախքան նախագծի մուտքագրվելը, կհայտնեն իրենց տեսակետը։ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը սոցհարթակի միջոցով տեղեկացրել է, որ միանում է քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին:
Անի Խաչատրյան (Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար) - Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանն աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին: Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը: Երևանի քաղաքապետ պետք է լինի «Լույս», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս միացել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Տեղեկությունը հաստատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Մարկոս Հարությունյանը։ Թե ո՞րն է ստորագրահավաքին միանալու պատճառը, Հարությունյանն ասաց, հիմնավորումները բազմաթիվ են։ Առանձնացրեց, որ Հայկ Մարությանը տապալել է բազմաթիվ գործարար բանակցություններ, ինչի հետևանքով մայրաքաղաքում մի շարք ներդրումային ծրագրեր կյանքի չեն կոչվել:
Մարկոս Հարությունյան (Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար) - «Բարգավաճ Հայաստանը» միշտ ա պահանջել քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը՝ տարբեր պատճառաբանումներով: Հիմա «Իմ քայլն» ա միացել դրան, ու դուրս ա գալիս, որ մենք բոլորս ստորագրել ենք այդ փաստաթղթի տակ, որպեսզի նիստը կայանա, ու քաղաքապետի հրաժարականը պահանջենք, նոր քաղաքապետ ընտրենք:
Ստացվում է, որ ավագանու երեք խմբակցությունները ներկայացնող ավագանու անդամներ միացել են քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացին: