Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է «Եվրոպա-Ասիա տնտեսական ֆորում 2021» էկոլոգիական նստաշրջանին։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել չինական կողմին հրավերի համար և կարևորել նմանատիպ ֆորումների դերը համատեղ նպատակների իրագործման շուրջ միավորվելու և նոր համագործակցության հեռանկարների տեսանկյունից։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել չինական կողմին ֆորումը կազմակերպելու համար, ինչպես նաև շարունակական աջակցության և համագործակցության համար։
Գաբրիելյանը նշել է, որ 2019 թ․ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը իրապես կարևոր քայլ էր՝ սերտացնելու երկու երկրների միջև համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
Գայանե Գաբրիելյանը նշել է, որ չնայած քովիդ-19 համաճարակին և 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ ՀՀ Կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել կլիմայական և բնապահպանական օրակարգի հարցերը: 2021 թվականի ընթացքում ՀՀ Կառավարությունը ընդունել է 2021-2030 թթ․ նոր և արդիականացված «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (NDC), «Հարմարվողականության ազգային ծրագիրը» (NAP) և կլիմայի հարցերով միջգերատեսչական համակարգման խորհրդի մասին որոշումը` կլիմայական օրակարգի հարցերի որոշումների կայացումը փոխվարչապետի մակարդակով ապահովելու նպատակով: Ավելին, ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում կանաչ տնտեսության խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը սահմանվել են առաջնահերթություն:
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ կանաչ անցման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականության տեսլականը հիմնված է կանաչ, դիմակայուն և ցածր ածխածնային զարգացման սկզբունքների վրա, սկսած մասշտաբային անտառվերականգնումից մինչև ներդրումներ վերականգնվող/կանաչ էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտներում։ Ինչպես նշվում է մինչև 2040 թվականը էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում, Հայաստանի նպատակն է մինչև 2030 թվականը հասցնել արևային էներգիայի արտադրությունը մինչև 15%, իսկ զրոյական արտանետումներով էներգիայի արտադրությունը մինչև 54% -ի:
Կանաչ վերականգնման (Green recovery) համատեքստում փոխնախարարը խոսել է «10 միլիոն ծառ» նախաձեռնության մասին՝ ընդգծելով վերջինիս կարևոր նշանակությունը կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացման դեմ պայքարում։ Այս նախաձեռնությունը համահունչ է Ազգային մակարդակով սահմանված գործողություններով ստանձնած հանձնառություններին և կնպաստի հասնելու Փարիզյան համաձայնագրով սահմանված նպատակներին։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև շրջանառու տնտեսության կարևորությանը, նշելով այն քայլերը, որ նախարարությունը նախատեսում է իրագործել այս համատեքստում։ Մասնավորապես՝ կարևորել է արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի (EPR) ներդրումը ՀՀ-ում՝ համապատասխան ԵՄ դիրեկտիվների, ինչպես նաև պոլիէթիլենային արտադրանքի աստիճանական կրճատումը և այս համատեքստում 2022 թ․-ից սկսած մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը։
Գայանե Գաբրիելյանն անդրադարձել է նաև էլեկտրամոբիլներին՝ նշելով, որ դրանք բնապահպանական որոշակի առավելություններ ունեն հանածո վառելիքով աշխատող սովորական տրանսպորտային միջոցների նկատմամբ: Նրանք ավելի քիչ են արտանետում ջերմային գազեր և օդի աղտոտիչներ: Հատկապես էլեկտրամոբիլները մեծ դեր ունեն տրանսպորտի ոլորտում CO2-ի նվազեցման նպատակներին հասնելու և օդի աղտոտվածության նվազեցման հարցում:
ՇՄ նախարարության կողմից ձեռնարկված իրավական կարգավորումների արդյունքում հանրապետությունում ստեղծվել է նպաստավոր միջավայր էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար։ Փոխնախարարը ընդգծել է, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ավելացված արժեքի հարկի արտոնությունը կերկարացվի ևս երկու տարով՝ մինչև 2024 թվականը։ Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ նշել է, որ 2019-2021 թթ. ընթացքում ներմուծվել է ավելի քան 5200 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այնինչ 2018 թվականին ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ:
Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով համաշխարհային բնապահպանական մարտահրավերները և դրանց անդառնալի ազդեցությունը կլիմայի վրա՝ նախարարի տեղակալը կարևորել է կանաչ նորարարության, ցածր ածխածնային զարգացման, ինչպես նաև կանաչ տնտեսության ոլորտում ներդրումները, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը։