Ես հիմա այն իրավիճակում չեմ, որ խոսեմ ընտրությունների մասին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1 և LCI հեռուստաալիքներին տված հարցազրույցին:
Նա չի նշել, թե պատրաստվո՞ւմ է արդյոք առաջադրվել Ֆրանսիայի նախագահի հաջորդ ընտրություններին, որոնք տեղի կունենան 2022 թ. ապրիլին։ Փոխարենը Մակրոնը ամփոփել է հինգ տարիների ընթացքում իր գործունեությունը երկրի ղեկավարի պաշտոնում՝ հավելելով, որ ճգնաժամերը՝ «դեղին բաճկոնների» ցույցերից մինչև համաճարակ, իրեն շատ բան են սովորեցրել։
«Ես հանդես եմ գալիս մեր երկրի հաջողության, նորարարության, տնտեսապես ուժեղ, բայց արդար երկիր լինելու օգտին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն անդրադարձել է երկրում COVID-19-ի դեմ պայքարին և պարտադիր պատվաստումների հնարավորությանը:
«Մենք գրեթե մոտեցել ենք պարտադիր պատվաստումներին, երբ մարդկանց ավելի քան 90%-ը պատվաստված է։ Առաջիկա շաբաթներին մենք կդիտարկենք այդ հարցը։ Հավանական է, որ մենք կանցնենք կանոնավոր վերապատվաստումների»:
Համավարակի պատճառով Մակրոնի առաջարկած որոշ բարեփոխումներ դադարեցվել են, այդ թվում ՝ կենսաթոշակային բարեփոխումները, որոնք բազմահազարանոց բողոքների պատճառ էին դարձել 2019 թ. վերջին: Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ այդ բարեփոխումները պետք է ավարտին հասցվեն։