Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ եղել է Ազատանում, այցելել մարզադպրոց, հանդիպել աշխատակազմին ու սաներին:
«Ուրախ եմ, որ տարեվերջին կարող եմ ձեզ ուրախալի լուր հաղորդել և ազդարարել մարզադպրոցի խնդրի լուծման մեկնարկի մասին։ Առաջին անգամ երբ այցելեցի մարզադպրոց, ԱԺ պատգամավոր էի և խոստացա խնդրի լուծմանը հետամուտ լինել: Դեռ այն ժամանակ հանդիպել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և նախկին մարզպետի հետ։ Հիմա արդեն կարող ենք նախանշել առաջին քայլերը, 7 մլն-ից մի փոքր ավելի գումար կուղղվի տանիքի նորոգման նպատակին»,- ասել է Շիրակի մարզպետը:
Բաղդասարյանը հայտնել է՝ տանիքի նորոգումը խնդրի լուծման առաջին քայլը կարելի է համարել, այնուհետև միջոցներ կձեռնարկվեն ներքին հարդարման աշխատանքներն իրականացնելու համար։
Մարզադպրոցը հիմնադրվել է 1998 թվականին։ Այստեղ գործում են ազատ ըմբշամարտ, բռնցքամարտ և հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևերի խմբեր, որոնցում հաշվառված են շուրջ 160 պատանի մարզիկներ։
Նրանց ուսումնամարզական գործընթացը կազմակերպում են 8 մարզիչ-մանկավարժներ։ 2021 թվականին դպրոցի սաներն արձանագրել են բավական բարձր արդյունքներ։