Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում այսօր վերընտրվեց Արմեն Մուրադյանը: Թեկնածուն մեկն էր, մրցակցություն չկար: Հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ անցկացվում էր ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը, դռնփակ էր, և նկարահանման հնարավորություն միայն վերջում եղավ: Նիստին ներկա էր խորհրդի 20 անդամներից 19-ը: Բոլորը քվեարկել էին Արմեն Մուրադյանի օգտին:
Մինչև ընտրությունը, թեկնածուն խորհրդին է ներկայացրել բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը: Անելիքներից նա հետևյալն առանձնացրեց.
Արմեն Մուրադյան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր - Միջագգայնացումը: Ես կարծում եմ՝ սա մեր մարտահրավերն է, որ մենք պետք է արձագանքենք, և բժշկական կրթություն մատուցելու այն կոշտ մրցակցությունը, որ այսօր աշխարհում կա, ներառում է ոչ միայն բարձր որակի բժշկական կրթություն, ժամանակակից հիվանդանոցային համալիրներ, նորարարություններ, չափելի գիտություն, այլ այդ ամենը ճանաչելի, հաշվառելի դարձնելը, ինչը թույլ կտա ոչ միայն արտահանել, ի դեպ, ամեն չորրորդ ուսանողն ունենք արտասահմանցի, մենք ձգտելու ենք ամեն երկրորդն ունենալ արտասահմանցի՝ մեր թողունակությունից ելնելով, դա թույլ կտա նաև Հայաստանի ներսում փոխել բժշկական կրթության մոտեցումները և, առհասարակ, որակը:
Անդրադառնալով փաստին, որ ինքը Բժշկական համալսարանի ռեկտորի միակ թեկնածուն էր, Մուրադյանն ասաց.
Արմեն Մուրադյան - Կարծում եմ, որ այստեղ պերսոնաֆիկացման խնդիր չէ, մեծ թիմ է աշխատում, որը շատ մարտական իրավիճակում է, սպորտային, բարձր կարգավիճակ ունի և այդ ընթացքից դադարեցնելը, կարծում եմ, ճիշտ չէր: Սա էր պատճառը, որ այլ թեկնածուներ չկային:
Նախորդ հինգ տարիներին պաշտոնավարած Մուրադյանը, գործող կարգի համաձայն, այդ ընտրության ժամանակ էլ բուհի զարգացման ծրագիր էր ներկայացրել: Բուհի բարձագույն կառավաման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանից հետաքրքրվեցինք, թե վերընտրված ռեկտորի նախորդ ծրագիրը քանի տոկոսով է կատարվել:
Միքայել Ադամյան, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ - Հաշվետվություն ունենք, նախկին ծրագիրը բավականին լավ արդյունքներ է գրանցել, ունենք բավականին մեծ ձեռբերումներ՝ սկսած շինարարական աշխատանքներից, նոր հիվանդանոցների ձեռքբերումից, ֆինանսական բավականին դրական արդյունքներ կան գրանցված:
Արմեն Մուրադյանն առաջին անգամ Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականին: Վերընտրվելուց հետո հնարավորություն ստացավ պաշտոնավարել ևս 5 տարի:
Հեղինակ՝ Աննա Զախարյան