Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները` մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: Մարիա Զախարովան շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, բարիդրացիական և վստահության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում և ժողովուրդների միջև: «Այս տեսանկյունից ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջին շրջանում ցուցաբերվող երկխոսությունն սկսելու տրամադրվածությունը՝ հարաբերությունների կարգավորման խնդիրները քննարկելու համար»,- նշել է Զախարովան՝ փոխանցելով Մոսկվայի պատրաստակամությունն աջակցել այդ գործընթացին:
*****
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին: «Մենք ողջունում ենք և վճռականորեն աջակցում Հայաստանի ԱԳՆ-ի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին՝ հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու վերաբերյալ»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Էնթոնի Բլինկենը:
*****
Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի տեսակապով զրույցը տևել է մեկուկես ժամ: Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու անդրադարձել միջազգային օրակարգային հարցերի: Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները կարելի է համարել օրինակելի՝ 21-րդ դարում միջազգային հարաբերությունների համատեքստում: Չինաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Մոսկվայի և Պեկինի միջև սեպ խրելու փորձերին դիմակայելու համար։ Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ երկրների միջև հունվար-նոյեմբերին ապրանքաշրջանառությունն ավելացել Է 31 տոկոսով: Նա հույս է հայտնել, որ ոչ հեռավոր ապագայում Ռուսաստանն ու Չինաստանը կհաղթահարեն 200 միլիարդի շեմը: Կողմերը հույս են հայտնել, որ փետրվարին անձնական հանդիպում կունենան և միասին կմասնակցեն Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Բացման խոսքից հետո բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում։
*****
ԱՄՆ-ը պատրաստ է չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք հակասում են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին՝ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պատրաստ է վերադառնալ JCPOA-ով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Իրանը նույնն անի: «Մենք լիովին պատրաստ ենք հանել պատժամիջոցները, որոնք չեն համապատասխանում ԳՀՀԾ-ով նախատեսված մեր պարտավորություններին, ինչը թույլ կտա Իրանին ստանալ գործարքով նախատեսված տնտեսական օգուտները»,- ասել է դիվանագետը:
*****
2022 թվականի տարեսկզբին կորոնավիրուսի նոր շտամը կդառնա գերիշխող Եվրոպայի տարածքում՝ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ «Օմիկրոնով» վարակման նոր դեպքերի թիվը 2-3 օրը մեկ կրկնապատկվում է: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ «Օմիկրոնը» տարածվում է աննախադեպ արագությամբ, և այն արդեն հայտնաբերվել է 77 երկրում: