Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուին և «Պարենային արժեշղթաներ» ծրագրի ղեկավար Այվըրի Հեքեթ-Էվանսին։
Նախարարի տեղակալը ողջունել է գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում և կրկին կարևորել ծրագրի գործունեությունը մեր երկրում։
Կողմերը կարևորել են ՊՀԾ-ի կողմից իրականացվող ծրագրերի համապատասխանությունը Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2021-2030 թթ․ Ազգային մակարդակով սահմանված գործողություններին, Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրին և ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրով նախանշված՝ շրջակա միջավայրի ոլորտին առնչվող առաջնահերթություններին:
Նաննա Սկաուն անդրադարձել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, պարենային արժեշղթաների և պարենային ապահովությանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխությունն ու բնական աղետները մեծ սպառնալիք են պարենային անվտանգությանը, ուստի ՊՀԾ-ն աջակցում է կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղղությամբ իրականացվող ծրագրերին։
ՊՀԾ-ն աջակցում է ՓՄՁ-ներին անցում կատարել արևային էներգիայի, այսպիսով՝ նպաստելով կանաչ էներգիայի անցմանը։
ՊՀԾ ներկայացուցիչն անդրադարձել է գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ՊՀԾ-ի կողմից իրականացվող գործունեությանը՝ նշելով, որ Սյունիքում ՊՀԾ-ի աջակցությամբ պլանավորվում են ոռոգել մեծ չափերի գյուղատնտեսական նշանակության հողեր։
Պարենային անվտանգության վրա կլիմայական ռիսկերի ազդեցությունը հասկանալու և աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ՊՀԾ-ն կարևորում է կլիմայի փոփոխության վերլուծության և գնահատման աշխատանքների իրականացումը։ Այս նպատակով, ՊՀԾ-ն ցանկություն է հայտնել աշխատել ՇՄՆ համապատասխան ներկայացուցիչների հետ՝ հավաքագրելու տվյալներ և մշակելու համապատասխան մեթոդաբանություն, որը համահունչ կլինի կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթություններին։
Անդրադառնալով պարենային արժեշղթաների ծրագրին՝ կողմերը կարևորել են հատկապես սննդի օգտագործման արդյունքում առաջացած թափոնների չեզոքացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Կողմերը քննարկել են նաև Հարմարվողականության հիմնադրամի աջակցությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը և հետագա համագործակցությունը։