Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր առցանց մասնակցել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը:
Նա իր խոսքում անդրադարձել է զանգվածային տեղահանության մարտահրավերներին, որոնց Հայաստանը բախվել է ինչպես 1988-1992 թթ.՝ Ադբեջանում իրականացված էթնիկ զտումների հետևանքով, այնպես էլ 2020 թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, երբ ավելի քան 91 հազար անձ է տեղահանվել։
«Մենք շարունակական ջանքեր ենք գործադրում՝ Փախստականների գլոբալ ֆորումի նպատակներին հասնելու ուղղությամբ»,- նշել է Ղազարյանը՝ ներկայացնելով 2020 թ. մեկնարկած բնակապահովման ծրագիրը փախստականների համար։ Նա նաև շեշտել է, որ արդեն ավելի քան 250 բնակարանի գնման վկայականներ են հանձնվել շահառուներին, որոնցից ավելի քան 150-ն արդեն գնել են իրենց բնակարանները:
Ա. Ղազարյանը անդրադարձել է նաև Սիրիայից դեպի Հայաստան արձանագրված մոտ 22 հազարանոց ներհոսքին՝ նշելով, որ Հայաստանը մեկ շնչի հաշվով Սիրիայի տեղահանված քաղաքացիների ընդունման թվով երրորդ տեղում է Եվրոպայում:
«Հայաստանը հավատացած է, որ ՄԱԿ-ը և նրա մարմինները պետք է ունենան անվերապահ, անկաշկանդ և անարգել հասանելիություն կարիքավոր մարդկանց, որտեղ էլ որ նրանք լինեն և բոլոր հանգամանքներում: Մարդասիրական օգնության համատեքստում ոչ մի կերպ չպետք է խախտվեն տուժած մարդկանց իրավունքները, նրանց անվտանգությունն ու արժանապատվությունը կամ խտրականություն դրսևորվի ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման կամ այլ կարգավիճակի պատճառով»,- եզրափակել է խոսքը ՄԾ պետը: