Պետությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողություններին մասնակցած ուսանողների վարձը: 44-օրյա պատերազմի ավարտից հետո Կառավարությունը որոշեց մեկ անգամ ամբողջապես փոխհատուցել պատերազմի մասնակիցների, մասնակցի երեխաների և ամուսինների մեկ կիսամյակի ուսման վարձը: Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ դեռ շատ ուսանողներ չեն զորացրվել և շարունակում են ծառայությունը, գործադիրը որոշել է շարունակել ծրագիրը հենց նրանց համար: Սրան զուգահեռ, փոփոխություններ են արվել նաև կրթության ոլորտը կարգավորող 3 օրենքում, ըստ որի՝ մարտական գործողություններին մասնակցած ուսանողները ամբողջ ուսումնառության ընթացքում կօգտվեն ուսման վարձի փոխհատուցման արտոնությունից:
Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ) - Սեպտեմբերի ընթացքում մշակվեց այդ փոխհատուցման համապատասխան կարգը, այն ընդունվեց Կառավարության կողմից, ուժի մեջ է: Այս պահին նախարարությունում ընթանում է փաստացի շահառուների քանակին համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ ֆինանսական միջոցների տրամադրման պայամանագրերի կնքումը:
Փոխհատուցման օրենքը գործում է բոլոր ԲՈՒՀ-երի համար: Սակայն կա մի կարևոր պայման՝ ուսանողների վարձի փոխհատուցման գործընթացում հաշվի է առնվում նաև առաջադիմությունը: Առաջին կուրսի ուսանողների համար որպես հիմք կընդունվեն ընդունելության քննության արդյունքները, և նրանք կստանան ուսման վարձի 50 տոկոս փոխհատուցում: Ավելի բարձր կուրսերի ուսանողների դեպքում փոխհատուցման պայմանը բավարար միջին որակական գնահատականն է՝ ՄՈԳ-ը:
Լուսինե Գրիգորյան - Մենք սահմանել ենք 60-70 տոկոս ՄՈԳ ապահովելու դեպքում կօգտվեն 50 տոկոս փոխհատուցումից, 71-80 տոկոս ՄՈԳ-ի դեպքում 60 տոկոս փոխհատուցումից, 80-ից ավելի ՄՈԳ ապահովելու դեպքում նրանք կօգտվեն 70 տոկոս փոխհատուցումից: Մենք հիմա ամփոփում ենք տվյալները, և շատ ուրախ եմ այն հանգամանքի համար, որ ունենք մարտական գործողության մասնակիցներ, որոնք միջին որակական գնահատականից բարձր ՄՈԳ են ապահովել:
Առաջին՝ մեկանգամյա փոխհատուցման ծրագրի շահառուները 7000-ն են եղել, որոնցից անմիջական մարտական գործողությունների մասնակիցները 4000-ն են: Երկրորդ՝ երկարաժամկետ ծրագրով 2021-22 ուս. տարվա համար նախարարությունում մոտ մոտ 2600 շահառու են ցուցակագրել, որոնցից մոտ 300-ը ապրիլյան պատերազմի մասնակից է եղել:
Լուսինե Գրիգորյանը հիշեցնում է՝ պատերազմի մասնակիցներից բացի՝ պետությունից փոխհատուցում են ստանում անապահով ընտանիքների, սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև 2 և ավելի երեխա ունեցող և բակալավրում առկա սովորող ուսանողները: Սեպտեմբերից սկսած գործընթացի արդյունքում այս 4 խմբին տրամադրվող փոխհատուցման ընդհանուր գումարը 1.5 մլրդ դրամ է: