Հյուսիսային Կորեայի 7 քաղաքացի մահապատժի է ենթարկվել հարավկորեական K-pop խմբերի հոլովակները դիտելու կամ տարածելու համար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Սեուլից ոչ կառավարական իրավապաշտպան խմբի զեկույցը։
Փաստաթղթի համաձայն՝ 2015 թվականից կազմակերպությունը հարցազրույց է անցկացրել ԿԺԴՀ-ից 683 փախստականի հետ՝ հրապարակային մահապատիժների և թաղումների վայրերի քարտեզ կազմելու համար: Վերջին զեկույցում խումբը նշել է, որ արձանագրել է Հյուսիսային Կորեայի գործող առաջնորդ Կիմ Չեն Ընի օրոք 23 նման մահապատիժ, որոնցից մի քանիսը կապված են K-pop-ի հետ: Դատապարտյալների ընտանիքի անդամներին, ինչպես նաև տեղի այլ բնակիչներին պարտադրել են մասնակցել մահապատիժներին։
Հրատարակությունը նշում է, որ իշխանության գալուց ի վեր Կիմ Չեն Ընը վճռականորեն պայքարում է ԿԺԴՀ-ում հարավկորեական զվարճանքների տարածման դեմ՝ ներառյալ երգերը, ֆիլմերը և հեռուստատեսային դրամաները, որոնք, ըստ նրա, բացասաբար են ազդում հյուսիսկորեացիների վրա։ Ընդունված օրենքի համաձայն՝ արգելված բովանդակության նյութեր տարածողները կարող են մահապատժի ենթարկվել։
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդը K-pop-ին անվանել էր «չարորակ ուռուցք», որը, նրա խոսքով, փչացնում է «հյուսիսկորեացի երիտասարդների հագուստը, սանրվածքը, խոսքը, պահվածքը»։