Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սլովենական կողմին՝ ԵՄ-ում նախագահության շրջանում ՀՀ-ԵՄ սերտ համագործակցությանը նպաստելու և համատեղ ծրագրերն արդյունավետ առաջ մղելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու գործընկերությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ Սլովենիայի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության: Միաժամանակ, Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և շեշտել, որ դրանք կրելու են հետևողական ու հաստատակամ բնույթ:
Յանեզ Յանշան ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման կարևորությունը` հավելելով, որ Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը նոր ազդակ կարող են հաղորդել կապերի ամրապնդմանը: Սլովենիայի վարչապետի խոսքով՝ առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի Հայաստանում բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու կյանքի կոչմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Արևելյան գործընկերության գագաթնաժողովի օրակարգին, Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքներին: