Հիփոթեքային վարկի տոկոսը եկամտահարկի վերադարձով մարողներին ՊԵԿ-ից տեղեկացնում են՝ հունվարից հետո գումարները հետ են տալու այժմյան 15-ի փոխարեն աշխատանքային 3 օրում, բայց գործընթացը լինելու է բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Այնպես որ՝ այս տարվա վերջին եռամսյակի փողը ժամանակին ստանալու համար արդեն պետք է գրանցվել դրա համար ստեղծված Անհատական հաշիվների պորտալ-ում։ Անհրաժեշտ է 2 քայլ կատարել․ առաջինը բանկին համաձայնություն տալն է, որ թույլատրում եք ձեր վճարումների մասին տվյալները փոխանցվեն ՊԵԿ-ին։ Միանալու դիմում-ի համար 3 ընտրություն կա․ եթե էլեկտրոնային ստորագրություն ունեք՝ հղումը կարելի է գտնել կոմիտեի կայքի էլեկտրանային ծառայություններ բաժնից։ Մյուս երկու տարբերակով պետք է կա՛մ այցելել ՊԵԿ-ի սպասարկման որևէ կետ, կա՛մ ինտերնետով ուղարկել ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճենն ու էլեկտրոնային փոստը, որի վրա կուղարկեն հղումը։ Այդ ծանուցումը շատերն արդեն ստացել են՝ իր օրինակով ցույց է տալիս կոմիտեի Հարկ վճարողների սպասարկման վարչության պետը։
Տեսեք. իմ էլփոստին արդեն հղում ունենք, որով անցնելով և լրացնելով օգտվողի անուն-ազգանունը՝ արդեն համակարգում ենք, պարզ քայլերի հաջորդականությամբ:
Արմինե Հովսեփյանը զգուշացնում է․ եթե բնակարանի հիփոթեքը մի քանի համավարկառու ունի: Նոր համակարգում պարտադիր է նրանց բոլորի գրանցումը, քանի որ ֆինանսական գաղտնիքի խնդիր կա․ Կենտրոնական բանկի ԱՔՌԱ բյորոն չի թողնի նույնիսկ ամուսնու վճարած հարկը հետ նստեցնեն կնոջ բանկային հաշվին։
Արմինե Հովսեփյան (ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման վարչության պետ) - Նախկինում եթե վարկառու-համավարկառուն ներկայացնում էին առանձին դիմում, բայց կարող էին ներկայացնել մեկ ընդհանուր հաշվեհամար, ապա հիմա քանի որ համակարգը ԿԲ-ի կողմից ստուգվելու է, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր վարկառու ներկայացնի առանձին դիմում ու նշի իրենց պատկանող հաշվեհամարը:
Բանկային հաշվեհամարը պետք է գործող լինի: Այստեղ նույնպես ծրագիրն ավտոմատ է աշխատելու․ Ժամկետանց-փակված հաշիվներին եկամտահարկը չի վերադարձվի։ Պորտալում էլ պետք է անպայման ստուգել վարկի տվյալները՝ հանկարծ չպարզվի, որ մի թիվ սխալ է, և ուրիշի հիփոթեքն եք փակում։
Պետք է ստուգել վարկային պայմանագրի համարը և պայմանագրի կնքման ամսաթիվը, սա շատ կարևոր է:
Գրանցվել-ստուգելով՝ գործընթացի դժվար մասն ավարտվում է։ Մնացածը՝ գործատուն եկամտահարկը ե՞րբ վճարեց, աշխատավարձը բարձրացրեց կամ իջեցրեց, ընդհուպ՝ Աստված չանի՝ գործից ազատեց: Ֆինանսական ամբողջ թվաբանություն-թղթաբանությունը ծրագիրն ինքն է անելու։
Արմինե Հովսեփյան - էն մտավախությունը, որ վարկառուն գործատուն փոխել է, կամ եկամուտը նվազել է, համակարգը ինքնաշխատ ամեն ինչ ցույց է տալիս և թույլ է տալիս լրացնել այն չափով, որքան վճարել է եկամտահարկ:
Ի դեպ, պորտալում գրանցվելու համար վերջնաժամկետ չկա․ կարելի է դա անել նաև հունվարին կամ տարվա կեսին։ Բայց պայման կա․ շահառուն մինչև չգրանցվի՝ հիփոթեքի համար եկամտահարկն այլևս հետ չի ստանա։ Միայն և միայն առաջին անգամ դիմողներն են կարողանալու թղթային տարբերակով միանալ ծրագրին։ Այնպես, որ՝ ձեռնտու է չուշացնել համակարգում գրանցվելը, որ՝ հենց դեկտեմբերի վարձատրությունից եկամտահարկը բյուջե հասնի: Ծրագրով էլեկտրոնային դիմում ուղարկեք՝ ստանալու 2021-ի վերջին եռամսյակի գումարը։
Այստեղ լրացվող են լինելու միայն հաշվետու ժամանակահատվածն ու իրեն պատկանող հաշվեհամարները, մնացած ինֆորմացիոն համակարգն ինքնաշխատ եղանակով կգեներացնի:
ՊԵԿ-ում վստահ են՝ Պորտալի գործարկումից բոլորն են գոհ մնալու․ շահառուները վճարած եկամտահարկը հետ կստանան 5 անգամ արագ՝ ընդամենը 3 աշխատանքային օրում։ Հարկայինում էլ ռեսուրս կխնայեն, թե չէ՝ հիփոթեքի վերադարձից օգտվողների թիվը դեկտեմբերի 10-ի դրությամբ հասել է 20 847-ի, տարեսկզբից հետ փոխանցված գումարը մոտենում է՝ 13 մլրդ դրամին։