Իրանական կողմը լիազորել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ փոխարինել տեսախցիկները Քերեջիի ցենտրիֆուգների հավաքման օբյեկտում։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը։
Իրանի իշխանությունները համաձայնել են գործակալությանը փոխանցել հունիսին տեղի ունեցած դիվերսիայի ժամանակ վնասված տեսախցիկները և դրանք փոխարինել նորերով։ Գործակալության տվյալներով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թեհրանն ավարտել է դիվերսիայի հետաքննության հիմնական մասը, ինչպես նաև թույլտվություն է ստացել, որ իրանցի փորձագետները ստուգեն նոր տեսախցիկները։
Իրանական կողմը բազմիցս կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին՝ դատապարտել Իսլամական Հանրապետությունում միջուկային ենթակառուցվածքի դեմ դիվերսիոն գործողությունները: Գործակալությունը, սակայն, հայտարարել է, որ չի դատապարտի դիվերսիաները, քանի որ զբաղվում է միայն տեխնիկական հարցերով և խուսափում է քաղաքականացումից։