Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը դեկտեմբերի 15-ին քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:
Շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-գերմանական իրավական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիկտոր Ռիխտերը նշել է, որ Գերմանիան շարունակելու է նպաստել Հայաստանում անցկացվող ժողովրդավարական ու դատաիրավական բարեփոխումներին:
Դեսպանը վստահեցրել է, որ անհրաժեշտ ջանքեր կներդնի՝ ընդլայնելու հայ-գերմանական երկկողմ փոխգործակցությունը նաև սահմանադրական արդարադատության ոլորտում:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավական կապերի ակտիվացման, մասնավորապես իրավունքի գերակայության, սահմանադրական արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով երկուստեք ընդգծվել է Սահմանադրական դատարանի և գերմանական տարբեր մասնագիտական գործակալությունների երկխոսության և տեխնիկական գործակցության կարևորությունը:
Դեսպան Ռիխտերի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը և ներկայումս իրականացվող ինստիտուտիցոնալ ծրագրերի ընթացքը: