Ներքաղաքային տրանսպորտը Երևանում շարունակում է գերբեռնված երթևեկել: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Կենտրոնում հասարակական տրանսպորտը ստուգեցին, խախտումներ նկատելիս արձանագրություն կազմեցին:
Էդուարդ Խաչատուրյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի ավագ մասնագետ) - 3 արձանագրություն է կազմվել. հանրային տրանսպորտում քաղաքացիները և վարորդը դիմակ չէին կրում: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 7-ից մինչև այսօր 231 մշտադիտարկում է իրականացվել հանրային տրանսպորտում, և կազմվել 18 արձանագրություն:
Խախտումները նվազել են, բայց դա չի նշանակում, որ քաղաքացիները հասարակական տրանսպորտից օգտվելիս պատշաճ պահպանում են հակահամաճարակային կանոնները:
Տեսչականի մասնագետները վարորդներին և ուղևորներին հիշեցնում են՝ իրենց ստուգումներն ինքնանպատակ չեն. հորդորում՝ հասարակական տրանսպորտից օգտվելիս հաշվի առնել երկրում համաճարակային իրավիճակը:
Էդուարդ Խաչատուրյան - Ավտոբուսներում կանգնած ուղևորներ թույլատրվում է, սակայն սոցիալական հեռավորություն պահպանելով, իսկ միկրոավտոբուսում կանգնած ուղևոր չի թույլատրվում, աշխատանքային ժամերին՝ աշխատանքի գնալիս և վերադառնալիս, առավոտյան և երեկոյան, հանրային տրանսպորտում այդ խախտումները, ցավոք, նկատվում են:
Տեսչականի մասնագետներն ու պարեկները Բաղրամյան պողոտայում հասարակական տրանսպորտը ստուգելիս նաև վարորդական փաստաթղթերում խախտումներ արձանագրեցին: Որոշ դեպքերում նախազգուշացում տվեցին, իսկ ժամկետանց փաստաթղթերի կապակցությամբ արձանագրություններ կազմեցին: