Մենք կաջակցենք և կողջունենք Թուրքիայի և Հայաստանի կողմից ցանկացած քայլ՝ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հայտարարությունների մասին հարցը:
«Հիմք ենք ընդունում այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում իրադրության առողջացմանը և, իհարկե, կօգնի տարածաշրջանում և երկրների ու ժողովուրդների միջև առողջ փոխվստահության մթնոլորտի և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը: Այս տեսանկյունից մենք ողջունում ենք վերջին ժամանակներս Անկարայի և Երևանի կողմից ցուցաբերվող երկկողմանի երկխոսությունը սկսելու տրամադրվածությունը՝ կարգավորման խնդիրները քննարկելու համար, իսկ այդ նպատակների համար կողմերի հատուկ ներկայացուցիչների նշանակումը, մեր կարծիքով, տրամաբանական և ողջամիտ քայլ է նման փոխադարձ ձգտման զարգացման գործում: Մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել այդ գործընթացին»,- նշել Է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը, որին մասնակցել են նաև հայկական և թուրքական կողմերի ներկայացուցիչները, և նշել, որ նման ձևաչափի կազմակերպումը նաև նպաստում է Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև այդ ձևաչափի մյուս մասնակիցների մերձեցմանը:
«Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթերի վերսկսման հեռանկարը նույնպես համապատասխանում է նման պայմանավորվածությունների նպատակներին և ոգուն»,- եզրափակել Է Զախարովան: