Հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդես եկավ լրատվամիջոցների համար հայտարարությամբ՝ արձանագրելով, որ Եվրամիությունը պատրաստ է և ցանկանում է դրական ու օգտակար դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության, անվտանգության և բարգավաճման հաստատման գործում: Նա վստահեցրեց՝ իրենք նաև պատրաստ են աջակցել մարդասիրական նախաձեռնություններին, որոնք անհրաժեշտ են երկու կողմի միջև վստահության ամրապնդման համար: Իսկ այդ նպատակին հասնելու ուղին անմիջական շփումն է կողմերի միջև:
Շառլ Միշել (Եվրոպական խորհրդի նախագահ) - Մենք մշտապես աջակցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և սատարում ենք կայունության և անվտանգության հաստատման ջանքերին: Մենք ցույց տվեցինք, որ անմիջական շփումներն օգտակար և անհրաժեշտ են նույնիսկ ամենադժվար թեմաների դեպքում: Սակայն առաջին քայլը միմյանց լսելն ու հասկանալն է, քանի որ կարծիքները, տեսակետները և փաստարկները տարբեր են:
Անցկացվելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում մենք նպատակ ունենք առաջարկել ներդրումների հսկա ֆինանսական փաթեթ: Կարծում եմ՝ այն կդառնա տարածաշրջանի երկրների միջև համագործակցության խթանման լծակ:
Շառլ Միշելը հիշեցրեց, որ անցած ամիսների ընթացքում երկխոսության խթանման նպատակով բազմաթիվ հեռխոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նաև այցելել է Երևան և Բաքու՝ դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում դիրքորոշումներն ավելի հստակեցնելու համար:
Շառլ Միշել - Գիտեմ, որ հաղորդակցությունը և կապերն առաջնահերթություն են: Կարևոր է, համոզվել, որ այդ հարցում կա վստահության որոշակի մակարդակ, քանի որ դիրքորոշումները տարբեր են: Սակայն հանդիպման ընթացքում ձեռք բերվեց երկաթուղիների վերաբերյալ համաձայնություն՝ հաշվի առնելով թեմայի կարևորությունը և ընդհանուր ըմբռնում հաստատելու ջանքերը: Արդեն համաձայնություն կա սահմանին փոխադարձության սկզբունքով սահմանային և մաքսային վերահսկողություն իրականացնելու հարցում:
Մենք նաև քննարկեցինք ավտոճանապարհների հարցը և այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են հաղորդակցությունն ապահովելու համար: Առաջնորդները նաև հստակեցրեցին այն հարցերը, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում:
Սակայն վստահ եմ, որ չնայած որոշ հարցերի բարդությանը՝ կա ընդհանուր ըմբռնում և քաղաքական կամք՝ փոխըմբռնման հասնելու համար, ինչպես նաև քննարկելու, թե ինչպես է հնարավոր հաղթահարել մեր առջև կանգնած մարտահրավերները:
Եվրոպական խորհրդի նախագահն անդրադարձավ նաև հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահի սադրիչ հայտարարություններին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենա Լաչինի միջանցքին հավասար կարգավիճակ: Արդյո՞ք այդ հարցը քննարկվել է:
Շառլ Միշել - Ամենակարևորը միմյանց հետ անմիջական շփումն է: Մամուլի համար արված հայտարարությունները և հռետորաբանությունն այլ բան են: Վստահ եմ, որ անմիջական շփումներն ունեն հսկայական արժեք, և առաջիկայում նույնպես կարելի է ակնկալել առաջնորդների միջև անմիջական հանդիպումներ:
Որպես ձեռքբերում՝ կարող եմ նշել մի քանի ամիս առաջ երկու երկրների ՊՆ-ների միջև հաստատված ուղիղ կապը, որը թույլ է տալիս կանխել միջադեպերը և իրավիճակի սրացումը: Նման անմիջական շփումներն առավելագույնի են հասցնում կայունության և անվտանգության հաստատման հնարավորությունը:
Շառլ Միշելը նաև հաստատեց մամուլում շրջանառվող լուրը, թե ինքը մի պահ հեռացել է հանդիպման վայրից՝ երկու երկրների ղեկավարներին հնարավորություն տալով անմիջական շփվել միմյանց հետ:
Շառլ Միշել - Այո, դա ճիշտ է: Կարծում եմ՝ կարևոր է օգնելը, աջակցելն ու ոգևորելը: Սակայն դա նաև կարևոր էր նրանց երկուսի համար:
Միշելի խոսքով՝ ինքն օգտագործել է ուղղակի շփումը խթանելու հնարավորությունը: