Եվրամիության մի շարք առաջատար երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, դեմ են Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի նկատմամբ արագ պատժամիջոցներ սահմանելու որոշմանը՝ հաղորդում է Bloomberg-ը:
Այդ պետությունները նախընտրում են Մոսկվայի հետ երկխոսությունը, սակայն ԵՄ անդամ մյուս երկրների բարձրաստիճան դիվանագետներն ու պաշտոնյաները պնդում են, թե պատժամիջոցները ճիշտ որոշում են:
«ԵՄ-ն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց «ամեն ինչ կախված է Մոսկվայի գործողություններից»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ կազմակերպությունն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և պատրաստ է գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ իրադրության սրման դեպքում:
Մոսկվան, ի պատասխան Արևմուտքի մեղադրանքների, բազմիցս հայտարարել է, որ ոքի չի սպառնում և չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, սակայն չի անտեսի իր շահերի համար պոտենցիալ վտանգավոր գործողությունները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, «Ռուսաստանը զորքերը տեղաշարժում է իր տարածքում և իր հայեցողությամբ, դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի»։