Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու յուրացնելու կամ վատնելու՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու և համակարգչային հանցագործության՝ 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի իրացման և մաքսանենգության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ծանր վիրավորանքի, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: