Նվագախմբային հրաշալի հնչողությամբ, առյուծագլուխ և ամբողջությամբ ձեռքի աշխատանք. գերմանական հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ նոր կոնտրաբասերն արդեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի սեփականությունն են: Նվագախմբի կոնտրաբասիստները փայլում են բավականությունից. տասնամյակների ընթացքում գործիքները հնացել էին, կորցրել արտաքին փայլն ու հնչողությունը, բայց թարմացում արդպես էլ չէր կատարվում: Երաժիշտները կատակում են՝ նոր կոնտրաբասերին սպասում են արդեն քառասուն տարի՝ դեռ Գերգիևի ժամանակներից:
Արժեքավոր գործիքների երկար սպասված թարմացումը վերջապես իրականացվեց ՀԲԸՄ աջակցությամբ, որը ֆիլհարմոնիկի վաղեմի բարեկամն ու գլխավոր հովանավորն է անկախության առաջին իսկ տարիներից՝ փորձելով ըստ ամենայնի աջակցել նվագախմբի բոլոր ծրագրերին ու նախաձեռնություններին:
Մինչև գործիքները պատվիրելը հանգամանորեն ուսումնասիրվել են աշխարհում լավագույն վարպետների աշխատանքները. արդյունքում ընտրվեց «Emmanuel Wilfer» ընկերությունը, որի հետ համաձայնությունը ձեռք է բերվել 2019-ի հունիսին. գործիքները պետք է պատրաստ լինեին 2020-ի գարնանը, բայց համավարակը գործընթացն իսկական «ոդիսականի» վերածեց:
Ի վերջո, Հայաստանում Գերմանիայի դեսպանության, ինչպես նաև Բավարիայի արվեստի և մշակույթի նախարարության միջամտությամբ գործընթացը հասցվեց ավարտին, և 8 գործիքները բեռնատար ինքնաթիռով հասցվեցին Հայաստան:
Ֆիլհարմոնիկը շարունակելու է թարմացումը՝ նվագախմբին ապահովելով կատարողական բարձր մակարդակին համարժեք որակյալ գործիքներով: