Թբիլիսին հույս ունի, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո մուտք կստանա Եվրամիության միասնական շուկա, հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի ղեկավարի, Եվրահանձնաժողովի նախագահի և ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի վարչապետի հրավերով կմասնակցի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Վրացական կողմն ակնկալում է, որ կշոշափվեն այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են աստիճանական ինտեգրումը Եվրամիության միասնական շուկային»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թբիլիսին նաև հույս ունի, որ գագաթնաժողովի արդյունքներով կհաստատվի օրակարգ, որը կնպաստի անվտանգության, տնտեսության, հասարակության, շրջակա միջավայրի պահպանության և թվային վերափոխման մեխանիզմների ամրապնդմանը: Ղարիբաշվիլին Բրյուսելում բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ կանցկացնի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:
Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին: