Խոշոր՝ 300 000 դրամը գերազանցող գնումները հունվարից անկանխիկ կատարելու պահանջը վճարային համակարգերի տեխնիկական խափանման պետք է, որ չհանգեցնի։ Այնպես չէ, որ քարտով կատարվող առևտրի ծավալները կտրուկ են ավելանալու, միևնույն է՝ հարցն այս առավոտյան նորից քննարկել են Գլխավոր Դրամատանը։
Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ - Համակարգը պատրաստ է լինելու այդ խնդիրը լուծել առանց որևէ խափանման:
Լրագրողների հետ հանդիպման առիթը, սակայն, այլ է․ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր գումարել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի ճշգրտման տարվա 8-րդ և վերջին նիստը։ Որոշել․ քանի որ ներկրվող ապրանքների հետ արտաքին շուկաներից Հայաստան եկող գնաճային ճնշումները շարունակում են բարձր մնալ՝ 0,5 տոկոսով էլ են բարձրացնում փողի գինը։ Այսպիսով՝ տարին փակում ենք 7,75 տոկոս վերաֆինանսավորմամբ և հույսով, որ այս պահին ունեցած 9,6 տոկոս գնաճը մինչև դեկտեմբերի վերջ կիջնի 8,4 տոկոսի։ Թանկացումները դարձել են ամբողջ աշխարհի խնդիրը․ ԱՄՆ-ում գրանցել են գնաճի 6,8 տոկոս մակարդակ, ինչպիսին չէին ունեցել 1982 թվականից այս կողմ։ Գները կրտուկ բարձրացած են նաև Ռուսաստանում, հարևան Վրաստանում՝ համեմատում են Կենտրոնական բանկում։
Արմեն Նուրբեկյան, ՀՀ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն - Մեզ մոտ ամենաշատ գնաճ արձանագրած ապրանքները զամբյուղում ամենամեծ կշիռն ունենք, չնայած, մեր գնաճն ավելի ներքև է, քան հարևան երկրներինը:
Նուրբեկյանը պնդում է՝ փորձում են դրամավարկային քաղաքականությունն այնպես պլանավորել, որ փողը թանկացնելով՝ բիզնեսին մեծ վնաս չհասցնեն կամ, ինչպես տնտեսագետներն են ժարգոնային տերմինաբանությամբ արտահայտվում, վերաֆինանսավորումը բարձրացնելով՝ չտուգանեն տնտեսական աճը։ Այդուհանդերձ, տարին փակելու ենք, ըստ Կենտրոնական բանկի հաշվարկների, կանխատեսվածից ցածր ցուցանիշով։
Մարտին Գալստյան - Մեր տնտեսական աճի կանխատեսումը տարվա համար կկազմի 4,2 տոկոս: Ինչ վերաբերում է գնաճի ցուցանիշին, ակնկալում ենք, որ ներկայի 9,6-իփոխարեն տարին ավարտելու ենք 8,4 տոկոսի սահմաններում:
Տնտեսական աճը դանդաղեցնող և՛ Քովիդի, և՛ հետպատերազմական անորոշության ազդեցությունը ֆինասիստաները հույս ունեն այս տարի արդեն արտահայտվել է։ Դրական սպասումները 2022 թվականից ավելի մեծ են հենց միայն ծրագրած կապիտալ խոշոր ներդրումների շնորհիվ։ Եթե, իհարկե, սպառողական շուկայում վատ անակնկալներ չլինեն, ինչպես, օրինակ, բանջարեղենի մոտ 60 տոկոս թանկացման պատճառ դարձած այս ամռան երաշտն էր գյուղատնտեսությունում։ Աշխարհի մասշտաբով ֆինանսական կանխատեսումներ խառնող նոր գործոն է դարձել ԱՄՆ Ֆեդ-ռեզերվի ղեկավարի հայտարարությունը, թե «գնաճի ժամանակավոր ձևակերպումը փոխարինում են հարատևի», ինչը ենթադրել է տալիս, որ պահուստային ֆոնդը կդադարեցնի ակտիվների գնումն ու կբարձրացնի տոկոսադրույքը՝ կանխատեսում է Մարտին Գալստյանը։
Ի դեպ, տարվա սկզբին, եթե թանկացումների պատճառը ներքին սպառման ավելացումն էր, այժմ, պարզվում է, բնակչությունն իր ծախսերն սկսել է զսպել։ Հոկտեմբերից սկսած՝ գնաճը խթանողը զբոսաշրջիկների բերած արտաքին պահանջարկն է։