Չորս նոր ջրամբար՝ 4000 հեկտար վարելահող ոռոգելու հնարավորությամբ. ծրագիրն իրականացվելու է Վայոց ձորում՝ Կառավարության նախաձեռնությամբ:
Գեղամ Մարգարյան, Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ - Շատ կարևոր ներդրում է: Մինչև 2025-26 թթ. պետք է ավարտեն: Վերնաշենի ջրամբարը մտել է Եվրասիական բանկի քննարկման փուլ, 2022-ին պետք է նախաձեռնեն, կառուցեն:
Ջրամբարները կկառուցվեն Վերնաշենի, Խաչիկի, Ելփինի և Խնձորուտի վարչական տարածքներում: Այսպիսով՝ ակնկալվում է, որ մարզում ոռոգելի վարելահողերը կդառնան 25 տոկոս: Հիմա ջուր է հասնում 17 տոկոս վարելահողերին: Վայոց ձորի ցուցանիշն ամենացածրն է մյուս մարզերի համեմատ: Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին Վայոց ձորի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ էր հայտարարել ջրամբարների կառուցման մասին, ընդգծել նաև Հերհերի ջրամբարի կարևորությունը: Հիմա աշխատանքներ են տարվում Հերհերի ջրամբարի 23 միլիոն խորանարդ մետր ջուրը մարզի ընդհանուր ոռոգման համակարգ մղելու համար:
Գեղամ Մարգարյան - Ելփին բնակավայրում մինչև 800 հազար խորանարդ մետր է, Վերնաշենինը՝ 2-2,5 մլն խորանարդ, որը բավարարելու է 3 վարչական տարածքների՝ Վերնաշեն, Գլաձոր, Մալիշկա:
Այդտեղ միայն 800 հեկտար հող կդառնա ջրովի: Անջրդի հողերի մշակությունը կախված է բնությունից. այստեղ գլոբալ տաքացման հետևանքները զգալ են տալիս: Առանց ոռոգման ջրի հողատարածքները 20-30 տարի անմշակ են: Երկու տարի անընդմեջ մարզում երաշտ է:
Գեղամ Մարգարյան - Վերնաշեն գյուղը «Վերնաշեն» գինու հայրենիքն է՝ իր բրենդով: Այդ հողերը շատ նպաստավոր են «Արենի» սորտի խաղող մշակելու համար: «Արենի» սորտի խաղող աճում է Երկիր մոլորակի վրա 9-10 բնակավայրում, որոնք Վայոց ձորի մարզում են: Էնդեմիկ է, բերք կարող է լինել, գինու հումք դառնալ չի կարող:
Խաղողագործությունը մարզում խթանվում է: Արենիում, որտեղ, ըստ Մարգարյանի, ոռոգման ջրի խնդիր չկա, օր օրի ավելանում են այգիները:
Գեղամ Մարգարյան - Հիմա միտում կա դեպի Մալիշկա, Գլաձոր, Վերնաշենի ուղղությամբ, ջրամբարը կոռոգի այդ տարածքները: Արփա գետը մեծ հնարավորություն ունի ոռոգման ջրի պաշարելու, որտեղ հսկայական ջուրը գնում է Նախիջևան, ջրերը փորձում են ամբարել:
Արամ Կոստանյան, Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ - Շատ մարդիկ ասում են «թանգարան՝ բաց երկինքի տակ», ունենք 1400-ից ավելի գրանցված պատմամշակութային օբյեկտներ:
Տուրիզմի զարգացման համար Կառավարությունը ներդրել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ՝ հիմնականում ենթակառուցվածքների զարգացման համար, մասնավորի ներդրումը 6,5-7 միլիարդ դրամ է, ներառում է առողջարանների, հյուրատների շինարարություն, ենթակառուցվածների ստեղծում: 2022-25 թվականների ռազմավարական ծրագրերից Կոստանյանը նշում է հոգևոր-մշակութային կոթողներ տանող ճանապարհների ասֆալտապատումը:
Արամ Կոստանյան - Առաջին փուլով Արենիի ենթակառուցվածքներն են կարգավորվում, 2-րդ փուլով, հուսով ենք, Սմբատաբերդի, Սպիտակավորի ճանապարհները, Մարտիրոսովի վիմափոր եկեղեցու ճանապարհը կասֆալտապատվեն, կբարեկարգվեն, որ անցանելի լինեն բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 2.1 միլիարդ դրամից 1. 9 մլրդը Կառավարության մասնաբաժինն է, ծրագրերի 70 տոկոսը՝ 1,6 մլրդ արժեքով, արդեն իրականացվել է: Ասիական զարգացման բանկի և Կառավարության համաֆինանսավորմամբ Տարածքային զարգացման հիմնադրամը 1 միլիարդ 200 միլիոն դրամով Եղեգնաձորում սեյսմակայուն դպրոց է կառուցում: