ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՋՈՆՍՈՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել. քննարկման գլխավոր թեման եղել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Պուտինը նշել է, որ Կիևը միտումնավոր սրում է իրավիճակը շփման գծում և ընդգծել, որ դա տեղի է ունենում ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի մերձեցման ֆոնին: Ռուսաստանի նախագահը հայտարարել է անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին՝ հստակ միջազգային իրավական համաձայնագրեր մշակելու նպատակով, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ցանկացած հետագա առաջխաղացումը դեպի արևելք: Հեռախոսազրույցի ընթացքում Բորիս Ջոնսոնը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացման առնչությամբ:
ՌԴ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայի բանակցությունների վերաբերյալ մտքեր են փոխանակել։ Հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահիանը ներկայացրել է Իրանի դիրքորոշումները և կոչ արել Արևմուտքին ավելի լրջորեն վերաբերվել բանակցություններում կողմերի նախաձեռնությանը։ Դրական գնահատելով Իրանի փոխարտգործնախարարի այցը Մոսկվա՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ երկու երկրների պատվիրակությունները լրջորեն համագործակցում են Վիեննայի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։ Լավրովը նշել է, որ բոլոր անօրինական և Համալիր գործողությունների համատեղ ծրագրին հակասող պատժամիջոցները պետք է չեղարկվեն:
ՎՐԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԴԵՊԻ ՆԱՏՕ ՃԱՆԱՊԱՐՀԸ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումները պաշտպանության և անվտանգության բնագավառում՝ նախապատրաստվելով այն պահին, երբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները քաղաքական կոնսենսուսի կհանգեն՝ դաշինքին Վրաստանի անդամակցության հարցի շուրջ, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին ճեպազրույցի ժամանակ։ Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին իրենց երկրի անդամակցությունը ոչ թե Վրաստանի կառավարության, այլ «վրաց ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է», ինչն արտացոլված է նաև Վրաստանի Սահմանադրությունում։
«ՕՄԻԿՐՈՆԻ» ՊԱՏՃԱՌՈՎ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԿԱՃԵՆ. ԱՀԿ
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածմամբ պայմանավորված աշխարհում հոսպիտալացումների և մահացության ցուցանիշները կաճեն՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Ավելի վաղ կառույցը նշել էր, որ «Օմիկրոն» շտամն ավելի քիչ վտանգավոր է, քան դելտան: Մեծ Բրիտանիայում արդեն արձանագրվել է «Օմիկրոն» հիմնամանրէով վարակված հիվանդի մահվան առաջին դեպքը: Գիտնականները «Օմիկրոնի» վերաբերյալ հարցերին վերջնական պատասխաններ տալու համար դեռ ժամանակ են պահանջում: