Դեկտեմբերի 13-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը հրահանգավորել է անձնակազմին՝ ներկայացնելով ուժեղացված ծառայության նպատակները։
Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 131 խախտում, որոնցից 9-ը՝ հետիոտների կողմից։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է նաև առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 12, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով մեքենա վարող 3, վարորդական իրավունքից զրկված 2 անձ։ Բացի այդ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշները ոչ սահմանված հատվածում փակցված տրանսպորտային միջոց վարող 3, առանց ԱՊՊԱ պայմանագրի մեքենա վարող 2 անձ։
Հայտնաբերվել է նաև վերասարքավորված խլացուցիչով 1 մեքենա։
Պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում, տարբեր հանցագործությունների կասկածանքով, բաժիններ բերման են ենթարկել 5 անձի, որոնցից մեկը՝ հետախուզվող։