Երևանն ու Անկարան երկխոսություն սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Այս մասին երեկ ուշ երեկոյան նախ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց Մեջլիսում ելույթի ժամանակ: Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերից՝ Մևլութ Չավուշօղլուն շեշտեց՝ շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, սակայն առանց մանրամասնելու՝ թե երբ է այս ուղղությամբ սկսելու աշխատանքը, ու ովքեր են լինելու այդ մարդիկ:
Չավուշօղլուի խոսքով՝ այս հարցում ինքը խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ միասին են առաջ շարժվելու: Խորհրդարանը հայտարարությունը ծափահարություններով ընդունեց:
Պաշտոնական Երևանը Թուրքիայի գլխավոր դիվանագետի հայտարարությանն արձագանքեց արդեն այսօր առավոտյան՝ դրական գնահատելով հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելն ու հաստատեց՝ երկխոսության համար մեր կողմից էլ հատուկ ներկայացուցիչ կնշանակի:
Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը ընդգծեց՝ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին՝ շեշտելով, որ դա արձանագրված է նաև կառավարության ծրագրում։ Այլ մանրամասներ ԱԳՆ հայտարարության մեջ էլ չի նշվում: Թե հայկական կողմից ով կլինի հատուկ ներկայացուցիչը՝ դեռ որոշված չէ՝ սա էլ հստակեցրեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու նորից շեշտեց՝ խոսքը առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու մասին է:
Էդուարդ Աղաջանյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք գիտենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում եղել են բարդ, ու մշտապես այդ գործընթացը վիժեցվել է հենց Թուրքիայի կողմից, ու որ հենց Թուրքիան է պայմանավորված արցախյան հիմնախնդրով մշտապես դրել նախապայման Հայաստանի առջև որևէ հարաբերություն հաստատելու տեսանկյունից, և այս համատեքստում բնական է, որ Հայաստանը առաջ է քաշում, որ այդ հարաբերությունների սկիզբը պետք է լինի առանց որևէ նախապայմանի:
ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԻՆ ՉԿԱ. ԱՂԱՋԱՆՅԱՆ
Պաշտոնական Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գին չկա՝ նշեց Աղաջանյանը: Ըստ նրա՝ հաշվի են առնվել բոլոր ռիսկերը, նաև նախկին փորձը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դրական կողմերը շատ են, շահող են երկու կողմերն էլ: Հարցին էլ՝ արդյոք այս ֆոնին Հայաստանը փակելո՞ւ է Ցեղասպանության կամ արցախյան խնդիրները, Աղաջանյանը նկատեց.
Էդուարդ Աղաջանյան - Հայկական կողմը որևէ բանից չի հրաժարվում, խոսքը գնում է դիվանագիտական հարաբերությունների սկիզբ դնելու մասին: Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային ու պետական շահերից, ու համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ տարբեր պատճառներով:
Հայաստանի ու Թուրքիայի պաշտոնյաների միջև հեռակա երկխոսությունը դեռ ամռանն էր սկսվել: Երկու երկրներից՝ առաջին հերթին ղեկավարների մակարդակով, երկխոսելու պատրաստակամության մասին ոչ մեկ անգամ են ազդակներ փոխանակվել: Այսօր անդրադառնալով գործընթացին՝ Էդուարդ Աղաջանյանը պարզաբանեց՝ կային քննարկումներ, որի արդյունքում էլ երկուստեք փոխըմբռնում առաջացավ՝ հատուկ ներկայացուցիչների ձևաչափով հանդիպումներ ունենալու: Այն, որ փակ սահմանով հարևան պետությունների միջև գործընթաց կար, դեռ նոյեմբերի 25-ին նաև Դաշնության արտգործնախարարության խոսնակն էր հաստատել:
Մարիա Զախարովան այդ օրը հաստատել էր նաև, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ միջնորդելու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում՝ հավելելով, թե պաշտոնական Մոսկվան շահագրգռված է և արդեն ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը տեղ գտավ նաև միջազգային լրատվամիջոցներում: Գործընթացին այսօր անդրադարձավ ամերիկյան Bloomberg-ն ու ուշագրավ մանրամասներ հրապարակեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ նախագահի դերակատարման մասին:
Պարբերականը, հղում անելով թուրք բարձրաստիաճան պաշտոնյաներից մեկին, ում անունը չի հրապարակում, գրել է՝ հոկտեմբերին կայացած Էրդողան-Բայդեն հանդիպմանը ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը, և որ Անկարան հույս ունի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավմանը, որոնք ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերի գնման պատճառով վերջերս լարված են:
1993 թվականից հայ-թուրքական սահմանը փակ է, բայց բաց է օդայինը: Հատկանշական է, որ թուրքական Մեջլիսում երեկ Չավուշօղլուն նաև հայտարարել էր՝ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքներ են գործարկվելու: Նման չվերթեր իրականացվում էին մինչև 2019 թվականը, բայց դադարեցվեցին թուրքական ավիաուղիների սնանկացման պատճառով:
Թե երբ ու որ ընկերությունը կիրականացնի նոր չարթերները, Քաղավիացիայից «Լուրերին» այսօր միայն փոխանցեցին՝ այս պահին Երևան-Ստամբուլ չարթերային թռիչքներ իրականացնելու որևէ հայտ չունեն: