Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՔՈ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալներ են ձեռք բերել, որ Երևանում բնակվող 34 և 35-ամյա տղամարդիկ զբաղվում են տարբեր տեսակի թմրամիջոցների իրացմամբ։
Դեկտեմբերի 7-ին գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնականի բաժնի և ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում նախ հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել վերը նշված տղամարդկացից թմրամիջոցներ ձեռք բերած անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մեթամֆետամին։ Բերման ենթարկվածներից ոմանք ձերբակալվել են։
Նույն օրը գիշերը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել 34 և 35-ամյա տղամարդիկ։ Նրանցից կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել է հերոին, իսկ մյուսի խուզարկությամբ՝ մեթամֆետամին։
Հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին խուզարկվել է 34-ամյա տղամարդու վարձած բնակարանը, որը գտնվում է մայրաքաղաքի Սարյան փողոցում։ Հայտնաբերվել են տարբեր քաշերով հաշիշ, մեթամֆետամին, մարիխուանա, գազային ատրճանակ և այլն։
Նշանակվել են փորձաքննություններ։ 34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է։