Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ը մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:
Խորհրդաժողովին նախարարը հանդես է եկել ելույթով, որում շնորհակալություն է հայտնել Իտալիային և ԵԽ քարտուղարությանը միջոցառումը կազմակերպելու համար և նշել, որ ԵԽ-ի այս հարթակը լավ հնարավորություն է քննարկելու արդարադատության ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև անհրաժեշտ մեխանիզմներ և գործիքակազմեր ներդնելու հարցերը։
Հաշվի առնելով խորհրդաժողովի խորագրի ուղղվածությունը՝ արդարադատության նախարարն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին, նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմամբ նախատեսվող առաջատար կարգավորումներին:
Նախարարն ընդգծել է, որ ոլորտի բարեփոխումներն ենթադրում են ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը, որի էությունը ազատազրկմանն այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է, այդ թվում նաև` պրոբացիայի ծառայությունների գործունեության արդյունքում: