Գնաճն աշխարհում այլևս ժամանակավոր չէ: Վերջին օրերին միջազգային մամուլի տնտեսական վերլուծություններն այս մասին են:
Պատճառն անփոփոխ է՝ կորոնավիրուս, որին ավելացել է նոր շտամը՝ «Օմիկրոնը»: ԱՄՆ-ում գնաճը նոյեմբերին կազմել է 6.8 տոկոս, ինչը վերջին 39 տարվա ամենաբարձր ցուցանիշն է: ԱՄՆ-ում նկատելիորեն աճող միջին աշխատավարձը կարող է ավելի բարձրանալ, ինչը ևս գնաճին նպաստող գործոն է համարվում:
Ըստ վերջին միջազգային կանխատեսումների՝ մյուս տարի գները նախկին մակարդակին դեռ չեն իջնի: Մասնագետները նկատում են՝ նախկինում գնաճը լրջագույն խնդիր էր, ինչի զսպումը առաջնային նպատակ էր կենտրոնական բանկերի համար:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Հիմա այս վերջին իրադարձություններով և նոր իրողություններով պայմանավորված՝ գնաճի էսպես մի քիչ ավելի բարձր մակարդակը չի դիտվում արդեն նաև փորձագիտական հանրույթի կողմից, քաղաքականություն իրագործող սուբյեկտների շրջանում չի դիտվում որպես արտառոց երևույթ, չի դիտվում որպես անթույլատրելի երևույթ, որի դեմ պետք է ամեն գնով պայքարել:
Հումքի, բնական ռեսուրսների, նաև աշխատուժի թանկացում է եղել. սա ևս գնաճով է պայմանավորված, այդ պատճառով այն չի կարող անմիջապես վերադառնալ նախկին մակարդակին: Արմեն Քթոյանը նկատում է, որ նույնիսկ զարգացած երկրներում գնաճի վերաբերյալ կանխատեսումները սովորականից բարձր են:
Արմեն Քթոյան - Եթե նախորդ տասնամյակում նորմալ էր դիտվում, կամ գնաճի բնականոն մակարդակը պետք է տատանվեր քաղաքականությունում ամրագրված էր 0-2 տոկոս միջակայքում, հիմա արդեն նորմալ է դիտվում 2-4 տոկոս միջակայքը:
Համավարակի տարածման սկզբնական փուլում նույնիսկ միջազգային կազմակերպությունները չէին կանխատեսում, որ այն այսքան մեծ թափ կստանա. նաև այս պատճառով է, որ այս պահին արդեն «Օմիկրոնի» վերաբերյալ կանխատեսումներում մասնագետները չափազանց զգուշավոր են: Տնտեսագետների դիտարկմամբ՝ Հայաստանը անմասն չի մնա աշխարհի գնաճային միտումից:
Արմեն Քթոյան - Բնականաբար, եթե զարգացած տնտեսություններում գնաճի ավելի բարձր միջակայք է կանխատեսվում, նույնը պետք է լինի Հայաստանի պարագայում: Բայց էլի մեր տնտեսության որոշ յուրահատկություններով պայմանավորված` կարելի է ասել՝ զարգացող երկրների ցանկում առավելագույն ռիսկերը մեզ մոտ չեն: Մենք ունենք գործընկեր երկրներ ԵԱՏՄ շրջանակներում, որտեղ գնաճը շատ ավելի բարձր է, ունենք հարևան պետություններ, որտեղ գնաճը, գնաճի ֆոնը շատ ավելի բարձր են:
Գնաճով պայմանավորված դժգոհությունները զսպելու համար աշխարհի տարբեր երկրներում որոշակի քայլեր են սկսել: Ավանդաբար, գնաճի զսպման կարևորագույն գործիքները մրցակցային միջավայրի և տնտեսության ակտիվացումն է:
Ըստ մասնագետների՝ եթե այս ուղղություններով Հայաստանը ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի, հնարավոր կլինի դրական արդյունք գրանցել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան