Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Եվրոպայի չեմպիոնը նախ պոկել է 167 կգ, ապա երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահել է 172 կգ կշռող ծանրաձողն ու նվաճել այս քաշային կարգի փոքր ոսկե մեդալը: Այնուհետև Կարապետյանը կատարել է նաև երրորդ մոտեցումը և գլխավերևում պահել 175 կգ կշռող ծանրաձողը՝ 4 կգ-ով առաջ անցնելով իրեն հետապնդող վրացի Ռևազ Դավիթաձեից (171 կգ): Հրում վարժության առաջին մոտեցմամբ, սակայն, Կարապետյանը չի կարողացել բարձրացնել 196 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը ոտքի վնասվածք է ստացել։ Անդրանիկը ոտքի քառագլուխ մկանի ջիլն է կտրել և այս վարժությունում զրո ստացել։
Երկամարտի 371 կգ արդյունքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է կորեացի Յու Դոնջուն։ Նույն քաշը բարձրացրել է նաև ուզբեկ Սարվարբեկ Զաֆարժոնովը, սակայն կորեացին առաջինն էր մոտեցել պատվիրված քաշին, այդ պատճառով արժանացել է ոսկե մեդալին։
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում։ 96 կգ քաշայինների B ենթախմբում ժամը 12:00-ին հարթակ դուրս կգա Դավիթ Հովհաննիսյանը, իսկ ժամը 15:00-ին արդեն A ենթախմբում հանդես կգա Հակոբ Մկրտչյանը: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը Տաշքենդ է մեկնել 10 մարզիկով։