Ադրբեջանը սկսել է պատժել հայ զինծառայողների գերության հանգամանքը փաստող տեսանյութերը հրապարակայնացնող և տարածող իր զինծառայողներին:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Այդ տեսանյութերն ունեն ապացուցողական մեծ նշանակություն, և դրանք հիմնավորում են գերեվարումների թիվը և բոլոր դրսևորումները, ինչը երբեմն չի համապատասխանում պետության որդեգրած քաղաքականությանը: Տեսանյութերի տարածումը կանխելու նպատակով սկսել են պատասխանատվության միջոցներ կիրառել զինծառայողների նկատմամբ:
Նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված չորս զինծառայողի գործով իրավապաշտպանները հրատապ միջոց կիրառելու դիմում էին ներկայացրել Եվրադատարան: Նրանց դիմումը բավարարվել էր: Չորս զինծառայողից մեկը դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադարձած տասը զինծառայողների խմբում էր: Սահակյանի խոսքով՝ մյուս երեքի հետ կապ է հաստատվել Կարմիր խաչի միջոցով: Իրավապաշտպանը նշում է, որ իրենց տվյալով՝ նոյեմբերի 16-ին գերեվարվածների թիվը մոտ երկու տասնյակ է:
Սիրանուշ Սահակյան - Անհատական գործերով ենք գանգատ ներկայացրել, բայց քանի որ միջպետական գանգատ կա, և հարցումներ են եղել, Ադրբեջանը պետք է դատարանում դիրքորոշում արտահայտի բոլոր անձերի վերաբերյալ:
Հաագայի դատարանի որոշումը գուցե չարագացնի գերիների վերադարձի գործընթացը, բայց իրավապաշտպանը վստահ է՝ ավելի պաշտպանված կդարձնի նրանց: ՄԱԿ-ի բարձր դատարանը պարտավորեցրել է Բաքվին՝ բռնությունից և մարմնական վնասվածքներից զերծ պահել գերիներին, ապահովել անվտանգությունն ու օրենքի առաջ հավասարությունը:
Սիրանուշ Սահակյան - Ադրբեջանի համար շատ ավելի ծանր և դժվար է լինելու չհամագործակցել երկու դատական ատյանների հետ, և առաջիկայում ակնկալում ենք, որ ավելի շատ տեղեկատվություն կունենանք գերիների, նրանց պահման պայմանների, հայրենադարձման պլանի և առնչվող հարցերի վերաբերյալ:
44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող 40 անձից բացի, ևս 80-ի գերության մեջ հայտնվելու վերաբերյալ ունեն ապացույցներ, բայց հարևան երկիրը հրաժարվում է հաստատել: Սահակյանի կարծիքով՝ Ադրբեջանը տեղեկությունները թաքցնում է քաղաքական նպատակներով: