Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները Քանաքեռ-Զեյթունում բժշկական կենտրոններ մտան, ստուգեցին դիմակների, ախտահանիչ միջոցների ու թեստավորման, պատվաստման հավաստագրերի առկայությունը, լուրջ խախտումներ չարձանագրեցին:
Սուրիկ Ալթունյան (բժշկական կենտրոնի տնօրեն) - Հիմնականում աշխատում ենք նախատեսված նորմերը պահպանել, բացի դա, քանի որ ամբողջ աշխարհում ընդունված կարգ են պատվաստումները, մեր կոլեկտիվի 80-ից ավելի տոկոսը արդեն պատվաստված է, որպեսզի ռիսկայինի չափը նվազեցնենք, հիմնական պայքարելու ձևը դա է, և ամենօրյա հսկողությունը աշխատողների նկատմամբ:
Դիմակ չկրելու հետ կապված խախտումները նվազել են, արձանագրում են տեսչական մարմնից, նշում՝ արձանագրությունների մեծ մասը կապված է պատվաստման ու թեստավորման հավաստագրերի հետ: Բայց դա չի նշանակում, որ այս հարցում ևս դրական միտումներ չկան:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Եթե հոկտեմբերի կեսին, երբ մտավ տվյալ պահանջը և առողջապահության նախարարի հրամանը, պարտադիր էր ՊՇՌ թեստի ներկայացումը կամ պատվաստման սերտիֆիկատի ներկայացումը, հոկտեմբերի վերջին երկու շաբաթում արձանագրվել է 154 խախտում, այն դեպքում, երբ նոյեմբերին ամբողջ ամսվա ընթացքում արձանագրվել է ընդամենը 148 խախտում, այսինքն՝ կիսով չափ նվազել են խախտումները:
Տեսուչները տնտեսվարողին այցելելիս հիշեցնում են` ստուգայցերն ինքնանպատակ չեն, և խնդիրը ոչ թե տուգանելը, այլ երկրում համաճարակային իրավիճակը զսպելն է:
Գայանե Ստեփանյան - Սկսած գրասենյակային հատվածից, մանրամեծածախ առևտրի կենտրոններից, բուժհիմնարկներից՝ բոլոր տեղերում բավականին առաջընթաց կա, խախտումները բավականին պակասել են:
ԱԱՏՄ տեսուչները նկատում են՝ եթե քաղաքացիները շարունակեն պահպանել հակահամաճարակային կանոնները, կորոնավիրուսի նոր ալիքը, հնարավոր է՝ Հայաստան չհասնի: