Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: Պուտինը ներկայացրել է, թե տարածաշրջանում ինչպես է տեղի ունենում հրադադարի ռեժիմի պահպանմանը, տեղահանվածների վերադարձին, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող միջոցների իրականացումը: Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն օգտակար կլինի: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով: Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
*****
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Հանդիպման ընթացքում կարևորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ԵՄ աջակցությունը։ Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների ապաշրջափակման, հումանիտար բնույթի հարցերի վերաբերյալ:
*****
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է՝ «Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը կարևոր են բոլորիս համար»: Նա նշել է, որ դաշինքն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը: «Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներ են»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ն հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում պահպանում է չեզոքություն:
*****
Որոշ դերակատարներ իրական դիվանագիտության փոխարեն, սովորության համաձայն, շարունակում են մեղավորներ փնտրել՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար և Իրանի միջուկային գործարքի հարցով Վիեննայի բանակցություններում իրանական կողմի ավագ բանակցող Ալի Բաղերին: «Նախապես ներկայացրել ենք մեր գաղափարները և աշխատել կառուցողական ու ճկուն, որպեսզի մեղմենք տարաձայնությունները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավարը: Նրա խոսքով՝ դիվանագիտությունը «երկկողմ երթևեկությամբ փողոց» է, և կողմերից մեկի սխալները շտկելու կամքի առկայության դեպքում հնարավոր է արագ հասնել շահավետ գործարքի: Վիեննայում Իրանի միջուկային գործարքի գործողության վերականգնմանը նվիրված բանակցություններն ընթանում են 2021թ. ապրիլից: Մասնակցում են Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները: Դեկտեմբերի սկզբին մեկնարկել է բանակցությունների յոթերորդ փուլը։
*****
Թուրքիայում մի շարք սուպերմարկետների ցանցեր քվոտաներ են սահմանել առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար: Սահմանափակվել է ալյուրի, ձեթի, կաթի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը: Ստամբուլի մթերային խանութներն ամեն հաճախորդին երկու տուփ կաթ են վաճառում: Մյուս ապրանքների, օրինակ՝ ձեթի և ալյուրի համար վաճառքի այլ սահմանափակումներ են մտցվել։ Սահմանափակվել է նաև ծխախոտի վաճառքը: Պատճառը հոկտեմբերի վերջից թուրքական լիրայի 30%-ով անկումն է դոլարի նկատմամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ նոյեմբերին Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 20.7%, իսկ պարենային ապրանքների գներն աճել են միջինում 27.1%-ով: