ԱՄՆ-ը հանձնառու է Կորեական թերակղզում կայուն խաղաղության ապահովման հարցում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը՝ մեկնաբանելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չե Ինի հայտարարությունն այն մասին, որ Կորեայի Հանրապետությունը, ԿԺԴՀ-ն, ԱՄՆ-ը և Չինաստանը պատրաստ են պաշտոնապես հայտարարելու Կորեական պատերազմի ավարտի մասին:
«Մենք հավատարիմ ենք Կորեական թերակղզում կայուն խաղաղության ապահովմանը՝ ԿԺԴՀ-ի հետ երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Մենք ձգտում ենք համագործակցել ԿԺԴՀ-ի հետ՝ ավելի մեծ և շոշափելի առաջընթացի հասնելու համար, որը կամրապնդի ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և արտասահմանում ծավալված ուժերի անվտանգությունը»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Փորթերը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայից ևս կլինեն դրական ազդակներ:
Ավելի վաղ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չե Ինը հայտարարել էր, որ պատրաստ է պաշտոնապես հայտարարելու Կորեական պատերազմի ավարտի մասին: Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից նա կոչ էր արել շուտափույթ վերսկսել երկխոսությունը ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության, ինչպես նաև Վաշինգտոնի և Փհենյանի միջև: