Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որը նվիրված էր 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ստորագրման մեկամյակին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պուտինը ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է, թե ինչպես են իրականացվում տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման, տեղահանվածների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։
Նշվում է, որ կողմերը հույս են հայտնել, որ դեկտեմբերի 15-ին Եվրամիության կառույցների ղեկավարների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ևս օգտակար կլինի:
Նախագահներն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների ակտիվացման նպատակահարմարությանը։