Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի միջազգային օրակարգի խնդիրները, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ կարծիքներ կփոխանակվեն նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Հարցին, թե արդյոք նախագահները կանդրադառնա՞ն Չինաստանին գազի մատակարարման և նոր պայմանագրերի հարցին, Պեսկովը պատասխանել է, որ էներգետիկ հարցերի շուրջ երկխոսությունը ևս կլինի բանակցությունների օրակարգում:
Նա նշել է, որ բանակցություններում կարևոր տեղ կզբաղեցնեն երկկողմ հարաբերությունները, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը, համատեղ ներդրումները և առևտուրը:
Պուտին-Ծինփին բանակցությունները կկայանան դեկտեմբերի 15-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Պետությունների ղեկավարները կամփոփեն 2021 թ. ռուս-չինական համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման համատեղ աշխատանքը և կանդրադառնան համագործակցության հետագա հեռանկարին: