Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում է՝ մասնակցելու ԱլԳ 6-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 15-ին։ Մինչ այդ վարչապետի աշխատանքային այցը մեկնարկեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ առանձնազրույցով։
Մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են նախատեսվող եռակողմ հանդիպմանը քննարկվելիք հարցերին։ Կողմերն անդրադարձել են երկխոսության շարունակության և ամրապնդման կարևորությանը։ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը նպաստել տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Վարչապետ Փաշինյանը, իր հերթին, կարևորել է ԵՄ-Հայաստան փոխգործակցության զարգացումը։
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին: Կողմերը կարևորել են Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման:
Երկուստեք ընդգծվել են վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումների և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի կարևորությունը: Այդ առումով, Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է ԵՄ պատրաստակամությունն է՛լ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին՝ վաղ առավոտյան, կսկսի երկկողմ հանդիպումների շարքը եվրոպական երկրների գործընկերների հետ։