ԳԵՐՄԱՆԻԱ
ՏՈՆԱԾԱՌԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ
Գերմանիայում արդեն մեկնարկել են Սուրբծննդյան նախապատրաստական աշխատանքները: Երկրի հյուսիսարևմտյան Ռինտելն քաղաքում է ապրում Թոմաս և Սյուզան Ջերոմինների ընտանիքը:
Նրանք մյուսներից մի փոքր ավելի շատ զարդարանքներ ունեն: Ինչ խոսք, «մի փոքրը» մեղմ է ասված, քանի որ արդեն 10-րդ տարին է, ինչ նրանք համաշխարհային ռեկորդակիրներ են մեկ վայրում ամենաշատ տոնածառեր ունենալու շնորհիվ: Այս տարի որոշել են եղևնիների թիվը հասցնել 444-ի: Դրանք ոտքից գլուխ զարդարում են ճյուղաշղթաներով ու լույսերով:
Օլաֆ Կուխենբեկեր (Համաշխարհային ռեկորդների գերմանական ինստիտուտի դատավոր) - Այստեղ ամենակարևորն այն է, որ պետք է ամենաշատ զարդարված տոնածառերն ունենալ մեկ վայրում: Ջերոմինների ընտանիքն իսկապես առաջատար է այս գործում: Այս տարի էլ հաշվել ենք ու տեսել, որ 444 տոնածառ են զարդարել: Կարևոր է նաև այն, որ յուրաքանչյուր եղևնի այնպես զարդարված լինի, ասես, միակն է, այսինքն՝ ամբողջովին և խնամքով: Եղևնու չափսն այստեղ էական չէ:
Իրար նման զարդարված երկու տոնածառ չես տեսնի այստեղ: Բոլորն յուրօրինակ են ու բազմերանգ: Ընդհանուր առմամբ, օգտագործել են 10 հազար տոնածառի գունդ, գունավոր լույսերի 300 շղթա:
Իրականում ամուսնական այս զույգը տոնածառերն սկսում է զարդարել տոներից ամիսներ առաջ, որպեսզի Սուրբծննդյան ժամանակ արդեն ամեն ինչ պատրաստ լինի: Տոնածառերը տեղադրում են ամբողջ տան տարածքում, նույնիսկ ննջարաններում: Ինչպես երևում է, առաջիկայում նրանք չեն պատրաստվում հրաժարվել ամենաշատ տոնածառերն ունենալու ռեկորդակրի կոչումից և պատրաստ են տարեցտարի ավելացնել դրանց թիվը:
ԲԵԼԳԻԱ
ՎԱՌՎԵԼ ԵՆ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ
Բելգիայի գեղատեսիլ Բրյուգե քաղաքում բացվել է ամենամյա Սուրբծննդյան տոնավաճառը: Տոնածառն արդեն տեղադրել են, կրպակները՝ բացել: Եվրոպայի ամենագեղեցիկ բնակավայրերից մեկը, որը հավակնում է «Հյուսիսի Վենետիկ» տիտղոսին, զբոսաշրջային հայտնի վայր է, հայտի է միջնադարյան շենքերով, որոնք, ասես, դասավորված են ջրանցքների և սալապատ փողոցների շուրջը: Բրյուգեի Սուրբծննդյան տոնավաճառում կարելի է վայելել եվրոպացիների սիրելի Գլինտվայնը՝ տաք գինին, կրեպներ և այլ անուշեղեն, որոնք բելգիացիների համար զուգորդվում են տոների հետ: Մարդիկ մեծ սիրով են իրենց ընկերների և մտերիմների հետ հաճելի ժամանակ անցկացնում շքեղ տոնածառի հարևանությամբ, որն այս տարի ապակեպատ գմբեթի տակ է տեղադրված:
ՃԱՊՈՆԻԱ
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ ՇԼԱՑՆՈՒՄ ԵՆ ՏՈԿԻՈՆ
Ծագող արևի երկրի մայրաքաղաքում նույնպես պատրաստվում են Սուրբծննդյան տոնին: Վառվել են տոնական լույսերը, որոնք հիմնականում ծառերին են ամրացված: Այս տարի Տոկիոյում լույսերն ու լուսային ինստալացիաները հիմնականում ճերմակ են: Իսկ հսկա տոնածառը գունագեղ գնդիկներով է զարդարված: Մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ տոնական շունչն զգալու, զարդարանքների ֆոնին լուսանկարվելու և Սուրբծննդյան հեքիաթը տեսնելու համար: Բացվել է նաև Սուրբծննդյան հայտնի տոնավաճառը:
ՉԵՌՆՈԳՈՐԻԱ
ՊՈԴԳՈՐԻՑԱՅԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԼՈՒՅՍԵՐՈՎ
Սուրբծննդյան կարուսելը Պոդգորիցայի տոնական լուսավորության փայլուն աստղն է: Չեռնոգորիայի մայրաքաղաքում նույնպես Սուրբծննդյան մթնոլորտ է տիրում: Մարդիկ նախապատրաստվում են տոնական սեզոնի մեկնարկին: Քաղաքի գլխավոր տոնածառն արդեն զարդարված է: Այս տարի աչքի է ընկել հատկապես կիսաստղերից պատրաստված լուսային ինստալացիան, որը հիշեցնում է կամարաձև արահետ: Տոնական են զարդարված Պոդգորիցայի գրեթե բոլոր թաղամասերը:
ՀՈՒՆԳԱՐԻԱ
ԲՈՒԴԱՊԵՇՏԸ ՓԱՅԼՈՒՄ Է ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ
Հունգարացիները հաճույքով են քայլում մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնում գտնվող գունագեղ ու պայծառ լուսավորությամբ ինստալացիաների կողքով: Բուդապեշտում նույնպես մեկնարկել է Սուրբծննդյան սեզոնը: Կենտրոնում, իհարկե, տոնածառն է, որն այս տարի ճերմակափայլ է: Բուդապեշտի բնակիչները, սակայն, մեկ տոնածառով չեն սահմանափակվել: Քաղաքի գլխավոր եղևնին ավանդական գունագեղ զարդարանքներ է կրում: Մայրաքաղաքի գլխավոր շենքերից մեկի վրա անցկացվել է լուսային գեղեցիկ շոու, բացվել է Սուրբծննդյան տոնավաճառը:
ՀՈՆԿՈՆԳ
ՀՈՆԿՈՆԳԸ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ Է ԶԱՐԴԱՐՎԱԾ
Արդեն տոնական մթնոլորտ է տիրում նաև Հոնկոնգում: Սուրբծննդյան գունավոր զարդերը տոնական ուրախություն են հաղորդում Հոնկոնգին: Ամենուր կարելի է հանդիպել շլացուցիչ լույսերի և գունեղ ու տոնական զարդարանքների: Հսկա տոնածառի հարևանությամբ տեղադրված են բազմաթիվ համեմատաբար փոքր տոնածառեր, որոնք պակաս շքեղ չեն զարդարված: Հոնկոնգի գլխավոր շենքերի ու շինությունների վրա կարելի է հանդիպել տոնական թեմաներով լուսային տարբեր շոուների: Սուրբծննդյան շնչով է ձևավորված ամբողջ Հոնկոնգը, հնարավոր ամեն ինչ արված է՝ հատկապես երեխաներին մեծ տոն պարգևելու և հաճելի ժամանակ անցկացնելու համար:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԺՈԶԵՖԻՆԱՅԻ ԹԱԳԵՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՆ 760 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ
Երկու թագերը, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանել են Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի առաջին կնոջը՝ Ժոզեֆինային, Լոնդոնի «Սոթբի» աճուրդի տանը վաճառվել են 760 հազար դոլարով:
Թագերը զարդարված են թանկարժեք քարերով, 19-րդ դարի բացառիկ գործեր են: Դրանցից մեկը պատրաստված է ոսկուց և էմալից, վաճառվել է ավելի քան 597 հազար դոլարով, մինչդեռ նախնական գինը կրկնակի ցածր է եղել: Դրա հետ առաջարկվել են նաև մեկ զույգ ականջօղ, սանր ու գոտու ճարմանդ:
Քրիստիան Սփոֆորտ (Լոնդոնի «Սոթբի» աճուրդի տան աշխատակից) - Սա վաղ շրջանին շատ մոտ կլասիցիզմի բավականին բացառիկ նմուշ է: Ամենայն հավանականությամբ, այն կրել է կայսրուհի Ժոզեֆինա Բոնապարտը: Դրա վրա ներկայացված ցանկացած խորհրդանշական դետալ անչափ կարևոր է եղել Բոնապարտ ամուսինների համար:
Վաճառքի հանված երկրորդ թագը նույնպես ոսկուց և էմալից է: Այն վաճառվել է 163 հազար դոլարով: Դրա վրա ներկայացված են հին հունական դիցաբանության՝ Զևսի, Դիոնիսոսի, Մեդուզայի, Պանի և Հերայի կերպարները: Այդ թագը առաջարկվել է գոտու ճարմանդի և զարդանախշի հետ:
Այս տարի լրանում է Նապոլեոն Բոնապարտի մահվան 200-րդ տարելիցը: «Սոթբի» աճուրդի տան աշխատակիցների համոզմամբ՝ սա նույնպես հրաշալի առիթ էր այս մեծ վաճառքի կազմակերպման համար:
ԳԵՐՄԱՆԻԱ
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Գերմանացիների համար Սուրբ Ծնունդը լույսերի շրջան է: Լեոն Շեփերսն ամեն տարի շատ լուրջ է մոտեցել այս մտքին: Այս անգամ, սակայն, կորոնավիրուսը ստվեր է գցել նրա սպասումների վրա:
Ամեն տարի սեպտեմբերից Շեփերսն սկսել է իր տունն ու այգին զարդարել հազարավոր լույսերով` ստեղծելով սառցե լանդշաֆտներ, Սուրբծննդյան տարբեր ձևի ու չափսի բազմերանգ զարդարանքներ, որպեսզի դեկտեմբերին ամեն ինչ պատրաստ լինի: Այս տարի քովիդ-19-ի սահմանափակումների պատճառով ստիպված է մի փոքր ավելի համեստ պատրաստվել տոնին:
Լեոն Շեփերս (տան տերը) - Ստիպված էինք մեր ցուցադրությունը 50 տոկոսով կրճատել, քանի որ տան դիմացի հատվածում այդքան տեղ չունենք: Հետնաբակում մենք սովորաբար 130 հազար լույս էինք վառում, մինչդեռ առջևի հատվածում կարող ենք վառել ընդամենը 40 հազար լույս: Սա մեծ կրճատում է, սակայն ավելի լավ է, քան ոչինչը, քան այս տոն օրերին խավարի մեջ լինելը:
Տղամարդը պատմում է, որ նախկինում իրենց պարտեզի փոքրիկ լճակի տարածքում հսկա սառցե աշխարհ են պատրաստել: Այս տարի նույնպես ստիպված են եղել դրանից հրաժարվել:
Սուրբծննդյան լուսավորություններ առաջին անգամ սկսել է անել Շեփերսի հայրը՝ 20 տարի առաջ: Ժամանակի ընթացքում տոնական զարդարանքների տեսականին ու ծավալը մեծացրել են: Ժամանակին նրանք օրական մոտ 80 այցելու էին ունենում: Եթե նախկինում տաք գինու վաճառքի կետ էին կարողանում աշխատեցնել, ապա այժմ դա կարող են իրենց թույլ տալ միայն հանգստյան օրերին և այն էլ՝ ժամը 5-8-ը միայն, քանի որ շատ քիչ հաճախորդներ են ունենում:
ԻՌԼԱՆԴԻԱ
ԴՈՒԲԼԻՆԻ ԹԻԱՎԱՐՈՂ ՍԱՆՏԱՆԵՐԸ
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինով է հոսում Լիֆի գետը: Այս օրերին այնտեղ արտասովոր տեսարան է. գետում տախտակներին կանգնած թիավարում են Սանտա Կլաուսները: Այս քայլով նրանք մտադիր են ուրախություն պարգևել տեղացիներին:
Սանտաներից բացի, կարելի է հանդիպել նաև եղջյուրների և Սուրբծննդյան այլ հերոսների հանդերձանք կրող թիավարող մարդկանց: Նրանք նույնիսկ իրենց տախտակներն են զարդարել լույսերով: Սանտաները ողջունել են իրենց դիտող անցորդներին ու զանգեր հնչեցրել:
Սանտա Կլաուս - Մենք ընդամենը ցանկանում ենք ժպիտ, ծիծաղ և ուրախություն պարգևել նրանց, ովքեր այս պահին Դուբլինի կենտրոնում են: Մենք բոլորս բավականին դժվար տարի ենք ունեցել, իսկ այժմ եկել է զվարճանալու ժամանակը:
Հյուսիսային եղջերուի կերպարանքով հանդես եկող կինն էլ խոստովանել է, որ բավականին երկար ժամանակ թիավարող ընկերներով չէին հավաքվել մեկ վայրում, իսկ տոն օրերը հրաշալի առիթ են հին ընկերներին կրկին հանդիպելու համար:
ԱՄՆ
ՍԱՆՏԱՆԵՐԸ ԴԱՀՈՒԿ ԵՆ ՔՇՈՒՄ
Ամերիկայի հյուսիսարևելյան Մեյն նահանգի Բեթել քաղաքում դահուկավազքի «Սանդի Ռիվեր» անվամբ առողջարանային կենտրոն կա: Մի խումբ սանտաներ, իրենց վառ կարմիր հանդերձանքով, հավաքվել են այնտեղ` դահուկ քշելու: Իհարկե դրանից բացի, նաև մեծ հաճույքով օգտվում են ճոպանուղու ծառայությունից:
Ելենա Ուոլշ (Սանտաների դահուկավազքի մասնակից) - Վերջին 17 տարվա ընթացքում մասնակցել եմ այս միջոցառմանը: Սա տոնական սեզոնն սկսելու հրաշալի տարբերակ է: Բացի այդ, ինձ դուր է գալիս այս նախաձեռնության առաքելությունը:
232 դահուկորդների ու սնոուբորդիստների շարքում մեկը զգալիորեն տարբերվել է, քանի որ նա հայտնի «Գրինչի» կերպարով է եղել: Նա ոգեշնչված է Դոկտոր Սյուսի «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը» գրքից:
Արդեն 21-րդ տարին է, ինչ անցկացվում է սանտաների դահուկավազքի բարեգործական միջոցառումը: Այս տարի դրա շնորհիվ 4640 դոլար է հանգանակվել «Ռիվեր» հիմնադրամին: Դրա նպատակն է երիտասարդներին ծանոթացնել բացօթյա հանգստի առավելություններին:
ԻՍՊԱՆԻԱ
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՀԱՅՏՆԻ ՏԵՍԱՐԱՆՆ ԱՎԱԶԵ ՔԱՆԴԱԿՆԵՐԻՑ
Իսպանիայի Լաս Կանտերաս լողափին հարյուրավոր հետաքրքրասեր մարդիկ են հավաքվել`տեսնելու Գրան Կանարիա կղզու վրա պատրաստված Սուրբ ծննդյան հայտնի տեսարանի ավազե քանդակները:
Աշխարհի տարբեր երկրներից 8 արվեստագետ մեկ շաբաթ շարունակ աշխատել է` այդ ամենը կյանքի կոչելու համար: Սա մի ավանդույթ է, որի արմատները հասնում են մինչև 2006 թվականը: Այս իրադարձությամբ կղզում տրվում է տոների մեկնարկը: Իսկ տաք եղանակը հավելյալ նվեր է ինչպես միջոցառման այցելուների, այնպես էլ ավազե քանդակների համար, քանի որ դրանց պահպանման համար շատ նպաստավոր պայմաններ են: Կազմակերպիչների խոսքով՝ 15 տարվա ընթացքում առնվազն 200 հազար այցելու է եկել` իրենց ավազե քանդակներով Սուրբ ծննդյան տեսարանը դիտելու: Նախատեսվում է, որ այս քանդակները կքանդվեն գալիք տարվա հունվարի 7-ին:
ԻՍՊԱՆԻԱ
ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՎԱԹԸ
Իսպանիայի հարավային Անտեկերա քաղաքի երկնքում հսկա օդապարիկներ են հայտնվել: Նրանք մասնակցում են Օդապարիկների արքայական գավաթին:
Իսպանիայից ու Եվրոպայի այլ երկրներից օդապարիկի 25 օդաչու է ժամանել Անտեկերա` երկու տարբեր մրցավազքերին մասնակցելու նպատակով:
Առաջին մրցավազքի ժամանակ հարկավոր է թռչել որոշակի կոորդինատներով ֆիզիկական և թվային թիրախների ուղղությամբ: Իսկ երկրորդի ժամանակ օդաչուները միավորներ ստանալու համար ստիպված են եղել հասնել օդապարիկին, որը օդ է բարձրացել մնացածից տասը րոպե առաջ:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԼՈՆԴՈՆՈՒՄ ՎԱՌՎԵԼ ԵՆ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ
Սուրբծննդյան տոնին մեծ շուքով նախապատրաստվում է նաև Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը: Լոնդոնի տեսարժան վայրերը զարդարվել են տոնական լույսերով ու տարբեր դեկորացիաներով:
Հայտնի Թրաֆալգարյան հրապարակում տեղադրել են հսկա տոնածառը: Սա Նորվեգիայի ամենամյա նվերն է Մեծ Բրիտանիային, որը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում աջակցել է Նորվեգիային, ինչի արդյունքում էլ այդ երկիրն ամեն տարի, որպես երախտագիտության նշան, եղևնի է ուղարկում Լոնդոն:
Միացյալ Թագավորության մայրաքաղաքի առևտրային թաղամասերն ավելի թեմատիկ են զարդարված՝ լուսավոր հրեշտակներով ու թիթեռներով, իսկ համեմատաբար ժամանակակից լույսերը վառվում են Ուեմբլի մարզադաշտից դուրս և Լոնդոնի մշակութային կենտրոնում՝ Սաութ Բենքում:
ԳԵՐՄԱՆԻԱ
ՏՈՆԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ ՀԱՂԹԵԼ Է ԿՈՐՈՆԱԱԼԻՔԻՆ
Գերմանիայի մայրաքաղաքը լցված է լույսերով ու տոնածառերով: Թեև քովիդ-19-ի չորրորդ ալիքի վտանգ կա, բեռլինցիներն արդեն զգում են Սուրբծննդյան շունչը:
Բեռլինի տեսարժան վայրում՝ Բրանդենբուրգյան դարպասի մոտ, հսկայական տոնածառը խաղաղ լուսավորում է Բեռլինի Փարիզյան հրապարակը, իսկ Ալեքսանդրի հրապարակում մարդիկ լիաթոք զվարճանում են, չմուշկներով սահում, տաք գինի վայելում:
Բեռլինի ամենահայտնի առևտրային հատվածում՝ Կուրֆյուրստենդամում, տեղադրել են Սուրբծննդյան տաղավարներ: Այստեղ զարդարել են մի ընտանիքի նվիրաբերած տոնածառը, որն իրենց այգում են աճեցրել: Գնորդներին ուրախացնում է հսկա լուսավորված ձնեմարդը: Քյոլնում տաճարի հարևանությամբ բացվել է Սուրբծննդյան տոնավաճառը, որտեղ կարող են հաճախել միայն կորոնավիրուսից ապաքինված կամ դրա դեմ պատվաստված մարդիկ:
ՄԱԼԹԱ
ՍԱՆՏԱՆ ԵՎ ԷԼՖԸ ՀՍԿԱ ԱԿՎԱՐԻՈՒՄՈՒՄ
Աշխարհի բոլոր երկու միլիարդ երեխաներին նվերներ տալը, եղջերուների վարած սահնակ նստելը, ծխնելույզով անծանոթների տներ մտնելը, թվում է թե, այնքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ Սանտա Կլաուսների համար, սակայն այս անգամ որոշել են շատ ավելի վտանգավոր գործով զբաղվել. ակվարիումում շնաձկների կերակրել:
Սկուբա Կլաուսը, իր բարեկամ էլֆի օգնությամբ, մտել է Մալթայի ազգային ակվարիում, որը Քավրա քաղաքում է: Նրանք ակվարիումում կերակրել են ձկներին ու շնաձկներին, սակայն միայն նրանց, որոնք ամբողջ տարվա ընթացքում իրենց լավ են պահել:
Այդուհանդերձ, նվերներ չեն բաժանել ձկներին, քանի որ դա անելու են միայն Սուրբ Ծննդյան օրը, ինչպես արվում է մարդկանց դեպքում: Այս ակվարիումում ավելի քան 175 տեսակի կենդանի, այդ թվում՝ ձկներ, կակղամորթներ, սողուններ ու միջատներ են ապրում: