ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հիշեցրեց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր գործիչների այն պնդումներին, թե պատերազմից հնարավոր էր խուսափել:
Վարչապետն ասել էր հետևյալը, որ 2018 թվականի դրությամբ բանակցային այն ժառանգային պայմաններում, որ առկա էր, որևէ տեսական կամ գործնական հնարավորություն Արցախն Ադրբեջանի տարածքից դուրս կարգավիճակ ունենալու չկար. միակ հնարավորությունը պատերազմից խուսափելու տարածքների վերադարձն էր առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման:
«Պատասխանը մինչ այս պահը չունենք. ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկեին իրենք, որ խուսափեինք պատերազմից, մենք չստացանք: Սա կարևորագույն արձանագրում է, որ մեր հանրությունը պետք է անի, և խոսում է այն մասին, որ թեմայի վերաբերյալ բոլոր պնդումները և հարցադրումները, որոնք որ տեղի են ունենում ընդդիմադիների կողմից, բացարձակապես այլ նպատակներ ունեն, և կարևորագույն նպատակը հանրությանը մոլորության մեջ գցելն է»,- նշեց Աղաջանյանը: