2022 թվականի ապրիլին Ֆրանսիայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ և երկրի ներկա ղեկավար՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը, մրցելու է մի քանի աջակողմյան և ծայրահեղ աջ թեկնածուների հետ, գրում է BBC-ն։
Ընտրողներին և քաղաքական էլիտային հուզում են հետևյալ հարցերը՝ ինչպե՞ս վերահսկել միգրացիան և ինտեգրել մահմեդական բնակչությանը, որոնք են հանրապետության արժեքները:
Նախագահ Մակրոնը դեռ պաշտոնապես չի հայտարարել իր առաջադրման մասին, սակայն քչերն են կասկածում, որ նա կառաջադրվի երկրորդ ժամկետի համար:
Վերջին ամիսների տարբեր հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների մոտ 24-25%-ը պատրաստ է քվեարկել նրա օգտին։ Սա ավելին է, քան մյուս հավակնորդներինը, սակայն բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար:
Գալիք ընտրություններում Մակրոնի հիմնական մրցակիցները որոշվեցին անցյալ շաբաթվա վերջին: Պահպանողական «Հանրապետականներ» կուսակցությունը, որի անդամ են եղել նախկին նախագահներ Ժակ Շիրակն ու Նիկոլա Սարկոզին, ընտրել են իրենց թեկնածուին։ Դա Վալերի Պեկրեսն է՝ Փարիզը ներառող Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավարը։
Պեկրեսը չափազանց պահպանողական քաղաքական գործիչ է, պատգամավոր եղած ժամանակ դեմ է եղել միասեռ ամուսնություններին (չնայած հետագայում փոխել է իր դիրքորոշումը)։ Նրա նախընտրական ծրագիրը կենտրոնացած է միգրացիայի սահմանափակման և օրենքի գերակայության ամրապնդման վրա:
Քաղաքական սենսացիա է համարվում Էրիկ Զեմուրի թեկնածության առաջադրումը: Զեմուրը, որին կոչում են «Ֆրանսիական Թրամփ», պայքարում է ֆեմինիստների, միգրանտների և մահմեդականների դեմ: Նրա հայացքների արմատականության մասին է վկայում այն, որ արդեն երկու անգամ Զեմուրը դատապարտվել է մուսուլմանների, արաբների ու սևամորթ ֆրանսիացիների դեմ սադրիչ հայտարարությունների համար։
Զեմուրը խոստանում է ֆրանսիացիներին վերադարձնել «Ժաննա դ Արկի և Լյուդովիկոս 14-րդի, Բոնապարտի և գեներալ դը Գոլի, ասպետների ու գեղեցիկ տիկնանց երկիրը»։
Ի զարմանս փորձագետների և լրագրողների՝ հարցումներից պարզվել է, որ շատ ֆրանսիացիներ՝ 13-17%-ը, պատրաստ են աջակցել նրան: Սա ավելին է, քան ձախակողմյան թեկնածուներից որևէ մեկինը:
Զեմուրի գլխավոր մրցակիցը Մարին Լը Պենն է, որը երկար ժամանակ եղել է ֆրանսիական ծայրահեղ աջերի առաջնորդը։ 2017 թվականի ընտրությունների երկրորդ փուլում նա պարտվեց Մակրոնին։
Հարցումների համաձայն՝ Զեմուրի և Մարին Լը Պենի կողմնակիցների ընդհանուր թիվը կարող է կազմել ընտրողների 30%-ից ավելին։ Ըստ մասնագետների՝ Ֆրանսիայում ծայրահեղ աջերը երբեք նման ժողովրդականության չեն հասել:
Մինչդեռ սոցիալիստները, որոնք տասնամյակներ շարունակ եղել են ֆրանսիական քաղաքականության առանցքը, խոր ճգնաժամի մեջ են, գրում է լրատվամիջոցը: Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ձախակողմյան թեկնածուներից ոչ ոք հնարավորություն չունի անցնելու ընտրությունների երկրորդ փուլ։