Խաղաղ օվկիանոսի կղզիներում գտնվող Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային միավոր Նոր Կալեդոնիայում դեկտեմբերի 12-ին անցկացվել է անկախության երրորդ հանրաքվեն։ Ֆրանսիայից անջատման կողմնակիցները կոչ էին արել իրենց կողմնակիցներին մնալ տանը: Ընդդիմության բոյկոտի ֆոնին մասնակցությունը կազմել է 43,88%, որից 96,49%-ը կողմ է եղել կղզիների՝ Հինգերորդ հանրապետության կազմում մնալուն՝ գրում է Euronews-ը։
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ կտրուկ սահմանազատում է տեղի ունենում էթնիկ բնորոշիչներով. բնիկ մարդկանց համայնքը՝ կանակները, կողմ են անջատմանը, իսկ Հին աշխարհամասից ներգաղթյալների ժառանգները դեմ են:
Կորոնավիրուսի պատճառով կանակները կոչ արեցին քվեարկությունը հետաձգել մինչև 2022 թվականը: Հանդիպելով մերժման՝ անջատողականները բոյկոտեցին կամարտահայտությունը, սակայն դիտորդները ենթադրում են, որ դժվար ապագայում նրանք հրաժարվեն իրենց նպատակներից։ Ժամանակն աշխատում է նրանց օգտին. տարեցտարի կղզիների սպիտակամորթ բնակչությունը պակասում է, իսկ բնիկները՝ ավելանում։
Տարածքը հայտնաբերել է բրիտանացի ճանապարհորդ Ջեյմս Կուկը 1774 թվականին: Եվրոպացիները՝ առևտրականներն ու միսիոներները, սկսել են ակտիվ բնակեցնել Նոր Կալեդոնիան 1840-ական թվականներին: 1853-ին այն հայտարարվել է Ֆրանսիայի գաղութ, իսկ 1953-ին կղզու բոլոր բնակիչները ստացել են ֆրանսիայի քաղաքացիություն՝ անկախ նրանից՝ եվրոպացի են թե բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ։
Twitter-ում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը գրել է, որ Ֆրանսիան «էլ ավելի գեղեցիկ դարձավ Նոր Կալեդոնիայի՝ մնալու որոշման շնորհիվ»։ «Արշիպելագի պատմության մեջ նոր փուլ է սկսվում»,- եզրափակել է հանրապետության նախագահը։