ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը և բարեկամական խմբի անդամ Հռիփսիմե Հունանյանը:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Հակոբ Արշակյանը Վիկտոր Ռիխտերին բեղուն գործունեություն է մաղթել և համոզմունք հայտնել, որ վերջինս կնպաստի հայ-գերմանական կապերի խթանմանը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկու պետությունների ու խորհրդարանների միջև բարեկամական հարաբերությունները ներդաշնակ զարգանում են, և այս համատեքստում շեշտել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների դերը:
«Հայաստանը ողջունում է գերմանական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված ջանքերը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Այս առնչությամբ նա բարձր է գնահատել նախորդ տարի հոկտեմբերի 29-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հարցով Բունդեսթագում կայացած քննարկումները:
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը՝ այս առումով ակնկալելով Գերմանիայի ակտիվ դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր և ԵՄ առաջատար պետություններից մեկը: Նա կարևորել է վերոնշյալ հարցով Բունդեսթագում մարտին կայացած հատուկ քննարկումը:
Մաթիաս Լյութենբերգն իր հերթին կարևորել է հայ-գերմանական կապերի զարգացումը և համոզմունք հայտնել, որ նորընտիր Բունդեսթագի հետ կձևավորվի արդյունավետ համագործակցություն: Այս առնչությամբ հյուրն ընդգծել է բարեկամական խմբերի գործուն մասնակցությունը: Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ համագործակցության խորացման համատեքստում Մաթիաս Լյութենբերգը շեշտել է առաջիկայում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը:
Հյուրը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նաև եռանախագահների այցը տարածաշրջան:
Արման Եղոյանն անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը՝ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության համատեքստում կարևորելով ԵՄ աջակցությունը մեր երկրին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո: Ըստ նրա՝ տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերվի. Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ժողովրդավարական երկիր, առաջընթաց է գրանցում, ինչը պետք է հիմք լինի, որ Արևելյան գործընկերության ձևաչափում մեր երկիրն ավելի մեծ ուշադրության արժանանա: Ի թիվս հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ Արման Եղոյանը կարևորել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձումը: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք:
Հռիփսիմե Հունանյանը բարձրացրել է երկու երկրների փոխգործակցության խորացման հարցը հատկապես գիտակրթական, մշակութային և առողջապահական ոլորտներում, կարևորել փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
Որպես համագործակցության օրինակ՝ մասնավորապես նշվել է նաև Բեռլինի ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծումը:
Քննարկվել են նաև երկու երկրների միջև մի շարք այլ ոլորտներում եւս կապերի ընդլայնման հեռանկարները: