Մոսկվայի սրտում՝ հայկական տաղավարում, բարձրակարգ գինու սիրահարները, համտեսելով հայկական գինիները, մտովի տեղափոխվում են դեպի Արագած լեռան ստորոտ, Արարատյան դաշտավայր, Տավուշ ու Վայոց ձոր, որտեղ գտնվում է աշխարհի հնագույն գինեգործարանը։ Հայաստանի գինեգործները և նրանց ներկայացուցիչները ռուսաստանցիներին ներկայացնում են խաղողի տարբեր տեսակներից պատրաստված գինիներ՝ առաջին հերթին հին հայկական ավտոխտոն սորտերից՝ արենի սև, ոսկեհատ, խաթուն խարջի, կախեթի, խնդողնի։
Դենիս Ռուդենկո (Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության անդամ) - Երբ ինձ հարցնում են նախկին ԽՍՀՄ երկրների գինեգործության մասին, ես միշտ ընդգծում եմ, որ լավագույնն այս ոլորտում՝ համաշխարհային բարձրորակ գինեգործության մեջ, Հայաստանն է, որը վերջին 10 տարվա ընթացքում անհավատալի առաջընթաց է արձանագրել: Այս յուրահատուկ երկիրը նոր է բացվում գինու աշխարհի համար․ բարձր լեռնային խաղողի այգիներ, հրաբխային հողեր, խաղողի ավտոխտոն սորտեր, կարասներ: Շատ եմ ցանկանում, որ Ռուսաստանում Հայաստանն ընկալեն որպես բարձրորակ ու յուրահատուկ գինեգործական երկիր:
Փառատոնի շրջանակներում հյուրերը համտեսում և ձեռք են բերում Հայաստանի ավելի քան 10 գինեգործի 30 անուն գինու տեսակներ, մասնակցում հեղինակային վարպետության դասի:
Հայկական լավագույն կոնյակների բազմազանությունը ներկայացված է առանձին սրահում:
Արտյոմ Մուսայելյան (Հայկական տաղավարի տնօրեն) - Միջոցառման նպատակը Ռուսաստանի Դաշնությունում հայկական ապրանքանիշի ճանաչողության բարձրացումն է: Սա փորձառու և սկսնակ արտադրողի համար գնորդի հետ անմիջական շփման հնարավորություն է: Արտադրող ընկերությունների հետ կապը մշտական է, յուրաքանչյուր վաճառված շիշ էլ՝ օգնություն մեր հայրենիքին ու հայրենական արտադրողին»:
Փառատոնի կազմակերպիչներն են «Հայաստան» տաղավարը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Դեսպան Տողանյանը կարևորում է հայկական գինիների՝ որպես երկրի իմիջի, մշակութային և զբոսաշրջային բրենդի մաս ներկայացնելուն ուղղված նախաձեռնությունները:
Վարդան Տողանյան (ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Գյուղատնտեսության ոլորտի արտահանման կարևորագույն մասը ՌԴ ալկոհոլային խմիչքներն են, մասնավորապես՝ գինին և կոնյակը, որոնց կառուցվածքում լուրջ փոփոխություններ են եղել: Գինու քանակը բավականին արագ աճում է, դրա հետ կապված աշխատանքներ ունենք անելու այն մասնագիտական շրջանակներին ներկայացնելու համար:
Ռուսական շուկայում հայկական գինին թանկարժեքների դասին է պատկանում՝ ի տարբերություն վրացականի և եվրոպականի, հետևաբար սպառումն էլ մեծ ծավալների չի հասնում: Արժեքը պայմանավորված է բարձր որակով և ոչ մեխանիզացված արտադրման եղանակով։
Արայիկ Հովհաննիսյան (գինի արտադրող ընկերության տնօրեն) - Գինը մեզ համար խնդիր է, բայց արդեն կան մարդիկ, որ ծանոթացել են արտադրանքի նրբություններին ու հասկանում են, որ բարձր որակի համար դա մի բան էլ դեռ էժան է:
«Հայաստան» տաղավարում հայկական սննդարդյունաբերության տարբեր ճյուղեր պարբերաբար կներկայացվեն ցուցահանդեսների միջոցով՝ խթանելու հայրենական արտադրողին: Այս կերպ հնարավորություն է ստեղծում ոչ միայն ռուսական շուկայում հնաբնակ հայ արտադրողների, այլև սկսնակների համար։ Իսկ այն արտադրողները, որոնք հնարավորություն չունեն ապրանքատեսականին Մոսկվա ուղարկել, կարող են իրենց արտադրանքը ներկայացնել տաղավարի տեսապատի միջոցով: