ԱԺ ճեպազրույցների ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչները լրագրողների խնդրանքով անդրադարձան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ ընդդիմության նախագծին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ ԱԺ նախագահի հարցում խմբակցությունը միասնական է: «Ընդդիմությունը որքան էլ փորձի էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով տարատեսակ անպատեհ կամ, կարելի է ասել, աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերել, բնականաբար, իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը և Էդուարդ Աղաջանյանը խոսեցին նաև այն մասին, թե որքանով է հնարավոր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարումը ժամանակից շուտ ավարտվի:
Աղաջանյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ: «Այդ ժամկետը դեռ չի ավարտվել, և այս պահի դրությամբ գործնականում որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումը ավարտվի, չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին շրջանառվող լուրերին, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունեն: «Լավագույն տարբերակը կլիներ պարոն Մարությանին դիմել»,- նշեց նա:
Իշխող խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձան նաև Վարդենիսի ընտրություններում թեկնածուներից մեկի կալանավորմանը:
Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ 15 տոկոս է հավաքել մի մարդ, որը 2018 թվականից անցնում է կոնկրետ քրեական գործով, այն է՝ պաշտոնեական դիրքի չարաշահում և յուրացումներ:
«Հիմա «Հայաստան» խմբակցությունը և իր արբանյակային կուսակցությունները ինչո՞ւ են անընդհատ գնում և կպնում այն մարդկանց, որոնք անցնում են տարատեսակ քրեական գործերով, իսկ էդ գործերով էլ անցնում է պետությունը և համայնքը թալանելու կարմիր գիծը: Ես, իհարկե, պատասխանել չեմ կարող, բայց կարծում եմ, որ «Հայաստան» խմբակցությունը, այնուամենայնիվ, շատ լավ է, որ յուրատեսակ էյֆորիայից փորձեց դուրս գա՝ իբր ՔՊ-ը պարտվում է ՏԻՄ ընտրություններում և այլն, և հիմա արդեն փորձում է այլ նարատիվ զարգացնել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր ՏԻՄ ընտրություններին, ապա պետք է փաստել, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՔՊ կուսակցությունը ստացել է թվով ամենաշատ համայնքային իշխանության պորտֆելներ թե՛ որպես առանձին-առանձին կուսակցություն, թե՛ կոալիցիաներով»: