Հայաստան է ներկրվել թթվածին արտադրող 4 կայան և 200 թթվածնային խտացուցիչ: Առողջապահության նախարարությունը հայտնում է պետական բյուջեի միջոցներով այս սարքավորումները ձեռք բերելու մասին, նաև նշում, որ դրանք կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը։
Գևորգ Սիմոնյան, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ - Կորոնավիրուսային հիվանդության վերջին ալիքի ընթացքում մենք մի շատ ծանր դրվագի ականատես եղանք, երբ միաժամանակ մի քանի թթվածնի կայաններ վթարվեցին. մասնավոր կայաններ, ումից մենք գազաբալոնային թթվածին էինք ձեռք բերում, ինչը շատ լուրջ ճգնաժամ առաջացրեց մեզ համար:
Այդ ժամանակ անդառնալի հետևանքներից խուսափել, բարեբախտաբար, հնարավոր է եղել, բայց որոշվել է մարզային բուժկենտրոններն ավելի հագեցնել թթվածնային կայաններով՝ նման իրավիճակներում նորից չհայտնվելու համար:
Գևորգ Սիմոնյան - Ինչպես նաև այս կայանները կազդեն մեր ծախսերի նվազման վրա, որովհետև այն դեպքում, երբ մենք գնում ենք մասնավոր կազմակերպությունից, այս պարագայում մենք, կոպիտ ասած, միայն հոսանքի գումարը վճարելով՝ կունենանք նույն բարձրորակ թթվածինը, որն անմիջապես կմղվի միանգամից բժշկական կենտրոնի թթվածնային համակարգ:
Մինչ այս, Երևանից բացի, թթվածնային կայաններ կային Գյումրու և Արտաշատի բժշկական կենտրոններում: Նոր չորս կայաններից մեկը կտրամադրվի Արցախին, մյուսները կբաշխվեն Ապարանի, Սպիտակի և Կապանի բժշկական կենտրոնների միջև:
Գևորգ Սիմոնյան - Այն մարզերում, որտեղ ունենք խոշոր քովիդ կենտրոններ, որտեղ կա աշխարհագրական հասանելիության խնդիր, այդ մարզերում գոնե լուծենք տեղում թթվածնի արտադրության հարցը, որը նաև հնարավորություն կտա բազում լոգիստիկ խնդիրներից խուսափելու, որովհետև գազաբալոնային թթվածինն արտադրվում է, մեծ բեռնատարներով տեղափոխվում է, տեղափոխման ընթացքում կարող է խնդիր լինել կամ քովիդի բարձր թվերի ժամանակ ազատ մեքենա է դժվար լինում գտնել, որ այդ թթվածինը տեղափոխի, որովհետև բոլորն այդ գործով են զբաղված:
Թթվածին արտադրող կայանները և թթվածնային խտացուցիչները ներկրվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: Հատկացվել է շուրջ 400 միլիոն դրամ: Այսօրվա տվյալներով՝ թթվածնային սարքի օգնությամբ է շնչում մոտ 400 պացիենտ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան