Կապանի դրամատիկական թատրոնից հայտնում են, որ այսուհետ իրենք ունեն սեփական փոխադրամիջոցը։ Այդ մասին ասված է թատրոնի Ֆեյսբուքի էջում:
«Սա թատրոնի համար, անշուշտ, մեծ ու կարևոր ձեռքբերում է, քանզի թատրոնը բոլոր ժամանակներում եղել է ու շարունակում է մնալ քաղաքի, ինչու չէ՝ նաև մարզի մշակութային զարկերակը։ Կապանի թատրոնը, կարևորելով այլ թատրոնների հետ սերտ համագործակցությունը, փորձի խոխանակումը, հանդիսացել է մշակույթն ու արվեստն իր շուրջը համախմբող այն գլխավոր բեմը, որտեղ տարիներ ի վեր ներկայացումներով հանդես են եկել նաև մայրաքաղաքից հրավիրված դերասաններ և արվեստագետներ, ինչպես նաև թատրոնը, բազմաթիվ հրավերներ ստանալով մարզերից և Երևան քաղաքից, մեկնել է հյուրախաղերի՝ ներկայացնելով Կապանի թատրոնի շունչն ու ստեղծագործական ոգին։
Այս կարևոր նախաձեռնության համար երախտագիտություն ենք հայտնում Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբին՝ թատրոնի կողքին լինելու, մշակույթը պահպանելու և զարգացնելու գործում ներդրում ունենալու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին։
Պիտի նշենք, որ այս նվերը հատկապես մեր օրերում, երբ Կապանը սահմանամերձ է դարձել, ծառայելու է նաև ի նպաստ Հայրենիքի և այն գործունեության, որ իրականացնելու է թատրոնի անձնակազմը՝ մշտապես պահելով քաղաքի այցեքարտ հանդիսացող իր ուղենիշը»,- նշված է գրառման մեջ։