Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 12-ին պայքարի է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 21-ամյա Ռաֆիկ Հարությունյանը։
81 կգ քաշայինների պայքարում Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը երկամարտի 349 կգ արդյունքով (158+191) զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանն է մեկնել 10 մարզիկով։ Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ 109 կգ):
Կանանց հավաքականից էլ աշխարհի առաջնությանը կմասնակցի միայն 81 կգ քաշային Տաթև Հակոբյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, պայքարի դուրս կգա 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։ Նա հանդես կգա A ենթախմբում, իսկ մրցելույթի մեկնարկը կտրվի ժամը 15:00-ին:
Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ:
96 կգ քաշայինների B ենթախմբում ժամը 12:00-ին հարթակ դուրս կգա Դավիթ Հովհաննիսյանը, իսկ ժամը 15:00-ին արդեն A ենթախմբում հանդես կգա Հակոբ Մկրտչյանը: Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, 102 կգ քաշայինների A ենթախմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կպայքարեն մեդալների համար:
Նույն օրը կանանց 81 կգ քաշայինների A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մեկնարկը ժամը 15:00-ին է:
Դեկտեմբերի 16-ին Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ԱԱ-ում․ 109 կգ քաշայինների պայքարում մեդալի համար կպայքարի Սիմոն Մարտիրոսյանը:
Մրցումային վերջին օրը՝ դեկտեմբերի 17-ին, գերծանրքաշային կարգում պայքարի դուրս կգան Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը 15:00-ին է:
Տաշքենդում աշխարհի առաջնությանը հետևում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։