«Ֆիթչ» միջազգային վարկանիշային գործակալությունը օրեր առաջ վերահաստատել է Թուրքիայի վարկանիշը BB-՝ փոխելով դրանց հեռանկարը կայունից՝ բացասական: «Ֆիթչի» փորձագետները վարկանիշների կանխատեսման վատթարացումը բացատրում են թուրքական լիրայի կտրուկ անկմամբ և երկրում գնաճի բարձր մակարդակով:
Ստեղծված իրավիճակը ռիսկեր է առաջացնում մակրոտնտեսական և ֆինանսական կայունության համար և կարող է մեծացնել ճնշումը արտաքին ֆինանսավորման առումով՝ նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - Վերջին մի քանի տարում թուրքական տնտեսությունը այսպես կոչված արատավոր շղթայի մեջ է, ընդհանուր առմամբ տնտեսական հեռանկարները վատթարանում են, և դրան հակազդելու համար Թուրքիայի իշխանությունները ճնշում են գործադրում Կենտրոնական բանկի վրա էժան փողերով լրացուցիչ խթաններ հաղորդել տնտեսությանը, սակայն էժան փողերի քաղաքականությունը իր հերթին հանգեցնում է լրացուցիչ գնաճի և լիրայի արժեզրկման, իսկ էդ երկու երևույթները, իրենց հերթին, կրկին վատթարացնում են տնտեսական հեռանկարները:
Այս տարվա սկզբից լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է 46 տոկոսով: Տնտեսության վատթարացումը կարող է բերել Թուրքիայի արտաքին ագրեսիվ քաղաքականությանը:
Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) - Ես կարծում եմ՝ «Ֆիթչի» մասնագետները հաշվի են առել նաև հետևյալ հանգամանքը, որ ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձառությունը, երբ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում տեղի են ունենում բացասական երևույթներ, երբ Էրդողանի կուսակցությունը կորցնում է իր համակիրներին, Էրդողանը փորձում է այդ ծանր իրադրությունից դուրս գալ արտաքին քաղաքականության բնագավառում ինչ-որ մի հերթական արկածախնդրություն իրականացնելով, մխրճվում է ամենատարբեր հակամարտությունների մեջ:
Էրդողանը իր քաղաքական վարկանիշը պահելու համար ճնշումներ է գործադրում երկրի Կենտրոնական բանկի վրա, որպեսզի տնտեսական ավելի բարձր աճ գրանցվի, սակայն «Ֆիթչի» գնահատականն իր հերթին կարող է ազդել:
Նարեկ Կարապետյան - Վարկանիշի բացասական հեռանկարը նշանակում է, որ էդ ռիսկերը չչեզոքանալու դեպքում վարկանիշը ևս մեկ քայլով կնվազեցվի, և վարկանիշի նվազումն արդեն էս ամբողջ բացասական պրոցեսներին իր որոշակի նպաստումը կունենա:
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ եթե հիմա Թուրքիայում ընտրություններ տեղի ունենային, ապա կառավարող կոալիցիան ավելի քիչ ձայն կհավաքեր, քան ընդդիմությունը, և այդ հանգամանքը ևս, ըստ թուրքագետի, ազդել է Ֆիթչի վերջին գնահատականի վրա:
Ռուբեն Սաֆրաստյան - Բացի տնտեսագիտական գործոններից պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիայում ստեղծվել է բավական անկայուն ներքին քաղաքական իրադրություն: Մենք տեսնում ենք զանգվածային ընդվզումներ այն քաղաքականության դեմ, որն անց է կացնում Էրդողանը, Էրդողանի կառավարությունը՝ մանավանդ ֆինանսական բնագավառում:
Գործակալության փորձագետներն ակնկալում են, որ 2021 թվականի վերջում գնաճը Թուրքիայում կկազմի 25%, իսկ 2022 և 23 թվականներին՝ միջինում 20%։
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան