ԱՆԿԱՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ
Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում Սիրիայի դեմ, օկուպացրել է երկրի հյուսիսային շրջաններն ու չի կատարում հակամարտության կարգավորման Աստանայի ձևաչափի շրջանակում ընդունված որոշումները։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Գեյր Պեդերսենի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ Անկարան նաև շարունակում է աջակցել ահաբեկչական խմբավորումներին և խոչընդոտում է Սիրիայի հյուսիսում իրավիճակի կայունացմանը:
Պաշտոնական Դամասկոսը նման քայլերը գնահատում է որպես միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում՝ ընդգծել է նախարարը՝ ուշադրություն հրավիրելով «օկուպացված շրջաններում Անկարայի թուրքացման քաղաքականության վտանգավոր հետևանքների վրա»։
ԲՐԻՏԱՆԻԱՆ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ ԱՖՂԱՆՍՏԱՆԻՆ
Բրիտանիայի կառավարությունը շուրջ 100 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասի խոսքով՝ այդ միջոցները կփրկեն մարդկային կյանքեր, կապահովեն աղջիկների ու կանանց անվտանգությունը և կնպաստեն տարածաշրջանում կայունության ապահովմանը: Նա հավելել է, որ բրիտանական կողմը հույս ունի պարենով ու դեղորայքով ապահովել երկրի 1,8 միլիոն բնակչի: Բրիտանիան ընդհանուր առմամբ 380 միլիոն դոլար կփոխանցի միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Պարենի միջազգային ծրագրին, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցներին, որոնք զբաղվում են Աֆղանստանում հումանիտար նախագծերով:
ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ 5-ՐԴ ԱԼԻՔԻ ՇԵՄԻՆ Է
Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշները վկայում են, որ երկիրը մոտենում է համավարակի հինգերորդ ալիքի գագաթնակետին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության ու սոցիալական գործերի նախարար Օլիվյե Վերանը։ Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ գրանցվել է կորոնավիրոսով վարակման ավելի քան 70 հազար դեպք:
Նախարարը, սակայն, նշել է, որ իշխանությունները դեռևս չեն դիտարկում ինքնամեկուսացման ռեժիմի վերականգնման տարբերակը, ինչին մեծապես նպաստել է բազմաթիվ ֆրանսիացիների պատվաստված լինելու հանգամանքը։
«ՕՄԻԿՐՈՆ» ՇՏԱՄՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է. ԱՀԿ
Կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամը կարող է նվազեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, սակայն այս տարբերակն ավելի քիչ վտանգավոր է, քան «Դելտան»՝ ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ։
Կազմակերպության փոխանցմամբ՝ մինչ օրս ստացված տվյալները սահմանափակ են, և չկան հաստատված ապացույցներ «Օմիկրոնի» դեմ պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ: Սակայն նոր շտամն ավելի քիչ վտանգավոր է, քանի որ հայտնաբերված դեպքերի մեծ մասն ընթացել է առանց ախտանիշների, կամ մեղմ և միջին ծանրության ախտանիշներով։
Փորձագետների գնահատմամբ՝ սակայն, «օմիկրոնը», որն արդեն հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 60 երկրում, կգերազանցի «Դելտային» տարածման արագությամբ: Դեռ հաստատված չէ, թե ինչն է նոր շտամի արագ տարածման պատճառը։
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՆ ԶՈՀԵՐ
Բրազիլիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով, վերջին տվյալով, զոհվել է 7 մարդ, ևս 175 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, շուրջ 4000-ը մնացել է անօթևան։
Բաիա և Մինաս Ժերայս նահանգների մի շարք բնակավայրերում արտակարգ դրություն է հայտարարվել։
Օդերևութաբանների գնահատմամբ՝ սա վերջին 35 տարվա ընթացքում ամենաաղետաբեր ջրհեղեղն է։ Աղետից ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 70 հազար մարդ։