Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու նախագիծը իրավաքաղաքական գնահատական է՝ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը՝ անդրադառնալով իրենց մշակած նախագծին: Խորհրդարանի խոսնակին պաշտոնանկ անելու համար ընդդիմադիր ուժը մի քանի պատճառ է առաջ քաշել: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ միջազգային հարթակներում Սիմոնյանի արած հայտարարությունները ռիսկեր են պարունակում երկրի արտաքին քաղաքականության համար։ Իսկ գերիների մասին նրա պնդումները, ըստ ընդդիմության, թուլացնում են Հայաստանի պաշտպանունակությունն ու հոգեկան ցավ ու տառապանք են պատճառում:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Վերջին իրադարձությունը ցույց տվեց, որ մենք գործ ունենք ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող մի անձի հետ, որը չի կարևորում ԱԺ-ում կարգ ու կանոնը, չի կարևորում քաղաքական ճիշտ մշակույթը, ժողովրդավարության հիմնարար արժեքները։ Դրան գումարած՝ նաև չի փայլում պատգամավորական վարքի կանոններով։
Նման անձը չի կարող իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները՝ պնդեց խմբակցության քարտուղարը: Ըստ Մինասյանի՝ գործընթացն ի սկզբանե խախտումներով է եղել, դեռ օգոստոսի 2-ին, երբ 8-րդ գումարման օրենսդիրը, նախագահ էր ընտրում, այդ պաշտոնում ընդդիմությունն առաջադրել էր կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի թեկնածությունը, որոնք, սակայն, ապօրինի կերպով զրկվեցին գործընթացին մասնակցելուց: ԱԺ նախագահի ընդդիմության թեկնածուի անունը, սակայն, Հայաստան խմբակցությունում դեռ չեն հրապարակում, ասում են՝ նախագիծը դեռ պետք է լիագումար նիստ հասնի;
Սիմոնյանին պաշտոնանկ անելու նախագծին կմիանա նաև խորհրդարանական երրորդ ուժը՝ տեղեկացրեց «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը, ասաց՝ եթե նախագիծը հասնի լիագումար նիստ, կողմ կքվեարկեն:
Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Ցանկացած իշխանական ներկայացուցչի հեռացումը մենք համարում ենք մենաօրակարգային և ամենահրատապ խնդիրերից մեկը, ու եթե առաջիկայում էլ լինի նման նախաձեռնություն, մենք կմիանանք:
Նախաձեռնությունն աննպատակ ու անհեռանկարային են որակում իշխող ուժից: Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ԱԺ նախագահի հարցում իշխանությունը միասնական է:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ընդդիմությունը, որքան էլ փորձի, էժան քաղաքական դիվիդենտների հետևից ընկնելով, աննպատակ ու անհեռանկարային նախագծեր բերել, բնականաբար, իշխանության դիրքորոշումը դրանից չի փոխվելու:
«Հայաստան» դաշինքի համար գերիների թեման բացառապես ներքաղաքական շահարկման հարց է՝ սա էլ պնդեց Արուսյակ Ջուլհակյանը: ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ եթե ընդդիմադիր ուժը մտագոհված լիներ գերիներին վերադաձնելու խնդրով, ապա չէր հրաժարվի միջազգային պատվիրակություններում իր մասնակցությունից ու այդ մասին կխոսեր հենց միջազգային հարթակներից:
Արուսյակ Ջուլհակյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - «Հայաստան» դաշինքը հրաժարվում է սպասարկել պետական շահը, լքում է արտաքին ճակատի խրամատը և գերիների հարցը բացառապես ներքաղաքական հարցի է վերածել ու երկրի ներսում մեր հանրության համար շոուներ կազմակերպելու համար է օգտագործում:
Ընդդիմության նախագիծը շրջանառության մեջ է դրվել ուրբաթ, ու ըստ ընթացակարգի՝ գլխադասային հանձնաժողովը դրան եզրակացություն պետք է տա 14 օրվա ընթացքում:
Հարցը եթե անգամ մեծ օրակարգ ընդգրկվի, ապա դա միայն հաջորդ տարվա առաջին քառօրայում կլինի: